Երևան քաղաքի կենտրոնում այժմ էլ գործում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը և խնդիր էր, թե ինչպես անել, որ այդ մարզադպրոցը համապատասխանի ժամանակակից ստանդարտներին: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նույն տարածքում հնարավոր չէ այնպես վերակառուցել, որ այդ դպրոցը համապատասխանի  միջազգային ժամանակակից ստանդարտներին, և մենք գնացինք ոչ թե վերակառուցման ճանապարհով, այլ զրոյից կառուցելու  Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը»,- ասաց նա և նշեց, որ արդեն նախագիծը կա, հիմա հատկացնում են տարածքը:

Վարչապետը հայտնեց նաև, որ Հայաստանը նվաճել է 2027 թվականին մարմնամարզության Եվրոպայի առաջնություն իրականացնելու իրավունքը. ըստ ծրագրածի՝  մարզադպրոցը շահագործման կհանձնվի մինչ այդ:

ՀՀ վարչապետն ընդգծեց նաև, որ ավարտին է մոտենում Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցումը, աշխատանքներ են իրականացվում Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց, Արթուր Ալեքսանյանի, Սիմոն Մարտիրոսյանի,  Արթուր Աբրահամյանի անվան մարզադպրոցներ ունենալու համար:

Նախագիծը  ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Հրազդանի կիրճի 4 հասցեում է գտնվելու տարածքը՝  Հրազդան մարզադահլիճի հարևանությամբ, «Դալմա» առևտրային կենտրոնի դիմաց:

 

1032