ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 29-ին առցանց մասնակցել է «Arrow» հայ-հնդկական համաժողով 2023» -ին (Arrow Indo-Armenian Summit 2023):
Համաժողովի նպատակն էր համախմբել հայաստանյան և հնդկական տեխնոլոգիական էկոհամակարգի ձեռներեցներին և առաջնորդներին՝ քննարկելու համագործակցության սերտեցման հնարավորությունները:

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների և ստարտափների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը:

Նմանատիպ ծրագրերի իրականացմամբ պետությունը նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում անհատ ձեռնարկատերերի և ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար Հայաստան տեղափոխվելու և այստեղ գործունեություն ծավալելու, ինչպես նաև որակյալ աշխատուժ ներգրավվելու համար: Այն ընկերությունները, որոնք 2022թ. մարտի 1-ից սկսած ներգրավել են առնվազն 10 նոր աշխատող՝ տեղացի, օտարերկրացի, պետությունը տրամադրում է աջակցություն նոր ընդունված աշխատողների մասով պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով:

Ինչպես նաև, տեղական ընկերություններում աշխատողները բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում, հնարավորություն ունեն օգտվելու հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարի վերադարձից:

Ողջույնի խոսքով է հանդես եկել նաև «APRI Armenia»-ի նախագահ Լարա Սեդրակյանը: Վերջինս ընգծել է, որ համաժողովը խթան կհանդիսանա ընդլայնելու և զարգացնելու երկու երկրների գործարար կապերը:

«HyeTech» ընկերության համահիմնադիր Ներսես Օհանյանը ևս մասնակցել է համաժողովին: Վերջինս իր խոսքում նշել է, որ համաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռել շփվելու Հնդկաստանի ձեռնարկատերերի հետ, կիսվելու բացառիկ փորձով, ստեղծելու ամուր կապեր հնդկական տեխնոլոգիական էկոհամակարգում:

Համաժողովի ընթացքում քննարկվել են ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ երկկողմ համագործակցության հեռանկարները, կարևորվել է համագործակցության ընդլայնումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բոլոր ուղղություններով՝ սպառողական տեխնիկայից մինչև օդատիեզերական պատկերների մշակումներ։

Անդրադարձ է կատարվել նաև հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հայդարաբադի «Skyroot Aerospace»-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը, նշվել, որ այն լավ օրինակ կարող է ծառայել այլ ոլորտների ստարտափների միջև համագործակցության ստեղծման համար:

Համաժողովը կազմակերպվել էր հնդկական «T-Hub» առաջատար ինովացիոն կենտրոնի կողմից, որը Հնդկաստանի նորարարության էկոհամակարգի առաջատարներից է։

566