
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դուրս է գրվել մայրաքաղաքի «Ջեմելլի» կլինիկայից, որտեղ հոսպիտալացվել էր բրոնխիտով, լրագրողներին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։ Նրա խոսքով՝ հոսպիտալից հեռանալուց առաջ պոնտիֆիկոսը հրաժեշտ է տվել նրա ղեկավարներին և բուժանձնակազմին։
Rainews24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կլինիկայից դուրս գալուց հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կանգ է առել լրագրողների հետ կարճատև զրույցի համար։ Մինչ մեքենա նստելը, նա իր ինքնազգացողության մասին հարցին պատասխանել է՝ «Դեռ ողջ եմ»։
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նաև գրկել է նախորդ օրը իրենց դստերը կորցրած զույգին՝ կանգ առնելով ու նրանց հետ աղոթելով», – հավելել են Վատիկանից։
Ավելի վաղ Վատիկանը հայտնել էր, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ ախտորոշվել է «վարակիչ բրոնխիտ, որը պահանջում էր հակաբորբոքային թերապիա», բուժումը տվել է սպասված դրական արդյունքը։ Նախօրեին պոնտիֆիկոսն այցելել էր մանկական ուռուցքաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունք, որտեղ մկրտել էր հիվանդ փոքրիկներից մեկին։