Այսօր հանդիպում եմ ունեցել հանրահայտ երգչուհի, Վրաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Թամարա Գվերդծիթելիի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում «Սանսեթ Բուլվար» մյուզիքլն իրականացրած «SKYFIST STUDIO» պրոդյուսերական ընկերության ղեկավար Պողոս Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում կարևորել եմ մեր տարածաշրջանում առաջին անգամ կյանքի կոչված նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել մյուզիքլի գլխավոր դերակատար Թամարա Գվերդծիթելիին ու բոլոր կազմակերպիչներին:

Առանձնահատուկ ընդգծել եմ նաև կրթության ու մշակույթի դերը համամարդկային արժեքների ամրապնդման, աշխարհում համընդհանուր խաղաղության հասնելու գործում՝ այդ համատեքստում որպես անհրաժեշտություն դիտարկելով վերոնշյալ ոլորտներում համատեղ ծրագրերի և փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը:

Թամարա Գվերդծիթելին, ում երգացանկում առկա են նաև հայկական երգեր, համակարծիք է եղել հնչած դիրքորոշման հետ և հավաստել, որ իր հնարավորությունների սահմանում կնպաստի հետագա համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի նախապատրաստական աշխատանքներին, փորձերին և հաջողված բեմականացմանը: Թամարա Գվերդծիթելին ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը:

856