Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի այցի ժամանակ Վակայամա քաղաքում պայթյուն կազմակերպած անձից ոստիկանները դանակ են խլել։ Այս մասին կիրակի՝ ապրիլի 16-ին, հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ենթադրվում է, որ ձերբակալվածը՝ 24-ամյա Ռյուդձի Կիմուրան, կարող էր հարձակում ծրագրել քաղաքական գործչի վրա՝ օգտագործելով սառը զենք։

Նախօրեին հաղորդվել էր, որ դեպքի վայրից քննիչները առգրավել են երկու ենթադրյալ պայթուցիկ գլանաձև առարկաներ։

Պայթյունի միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 15-ին Վակայամա պրեֆեկտուրայի Վակայամա Սիթիում Կիսիդայի ելույթից առաջ։ Նշվել է, որ վարչապետն ավարտել է ձկնորսական նավահանգստի զննումը և պատրաստվում էր ելույթ ունենալ, երբ անհայտ անձը իր ուղղությամբ առարկա է նետել, որն ընկնելուց հետո պայթել է։ Տղամարդուն բերման են ենթարկել անվտանգության աշխատակիցները։

Բացի դրանից, ոստիկանությունը խուզարկել է Կիմուրայի տունը և հայտնաբերել է տասը ստվարաթղթե տուփեր, որոնց պարունակությունն անհայտ է։ Դրանից առաջ երիտասարդի հարևաններին առաջարկել են ժամանակավորապես տարհանել՝ վախենալով, որ հանցագործի տանը պայթուցիկներ կարող են պահեստավորված լինել։

Վարչապետին անհապաղ տարհանել են և որոշ ժամանակ անցկացրել ոստիկանության գլխավոր վարչությունում։ Կիսիդան, չնայած տեղի ունեցածին, հրապարակավ ելույթ է ունեցել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեպքի վայրում ներկա ոստիկաններից մեկը թեթեւ վնասվածքներ է ստացել։

538