Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին կաջակցի, որպեսզի Հայաստանն ընտրվի հաջորդ աշխարհի առաջնության հյուրընկալ երկիր։ 

«Այո, այսօր վերջին օրն է, ամենակարևոր օրը, քանի որ մենք արդեն մոտենում ենք միջոցառման ավարտին։ Կազմակերպչական մասը բարձրակարգ էր, մենք շատ ուրախ ենք այդ կապակցությամբ։ Իհարկե, բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը փոքր-ինչ «սև բիծ» ավելացրեց, սակայն, այդուամենայնիվ, մնացած ամեն ինչ՝ մրցավայրը, մարզիկների նախավարժանքի սրահը պարզապես հրաշալի է»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասել է Կոնֆլիտին։ 

Հարցին, թե որքանով են Հայաստանի շանսերը գնահատվում աշխարհի առաջնությունն ընդունելու համար, Կոնֆլիտին պատասխանել է․  «Աշխարհի առաջնությունն ընդունելու համար Հայաստանն ունի շատ մեծ հնարավորություններ։ Իհարկե, թեկնածու մյուս երկրները նույնպես հզոր են և ունեն մեծ շանսեր, բայց որպես ֆեդերացիայի նախագահ, ես ամբողջովին կաջակցեմ, որ հենց Հայաստանն ընտրվի որպես հաջորդ աշխարհի առաջնության հյուրընկալ երկիր։ Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի, ամեն դեպքում որոշումը կվերջնականացվի հունիս ամսին»։

Մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան Եվրոպայի ուժեղագույն գերծանր քաշային ծանրորդները։ Ըստ նախագահի՝ կանխագուշակելը հեշտ չէր, թե ով կհաղթի․ «Հեշտ չէ կանխագուշակել, քանի որ հայ ատլետները շատ հզոր են, հիանալի արդյունքներ են ցույց տալիս։ Այնպես որ՝ Լաշան պետք է զգոն լինի և ուշադիր լինի հայ մրցակիցների նկատմամբ»։

Կոնֆլիտին ափսոսանքով ասաց, որ ժամանակ չի ունեցել վայելեու Երևանը․ «Ցավոք, քաղաքը վայելելու համար շատ ժամանակ չեմ ունեցել։ Բայց Երևանում անցկացրածս ժամանակը բավարար էր, որ ես տեսնեի և զգայի հայկական հյուրընկալության առանձնահատկությունները։ Ինձ շատ ջերմ հյուրընկալեցին»,- ասաց նա՝ հավելելով. «Տեղացիներն ինձ խորհուրդ տվեցին վերադառնալ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին, երբ օրվա բոլոր ժամերին ջերմաստիճանը գրեթե նույնն է լինում։ Ես, միանշանակ, կօգտագործեմ այդ հնարավորությունը»։

Եզրափակելով զրույցը՝ պրն Կոնֆլիտին նշեց, որ այս միջոցառումը կրկնակի կարևորություն ունի․ «Այս միջոցառումը կրկնակի կարևորություն ունի։ Այն ոչ միայն պարզապես Եվրոպայի առաջնություն է, այլև օլիմպիական խաղերի որակավորում է ապահովում մարզիկներին»։

 

2164