Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային է ներկայացրել  2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։

Նա նշել է, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավելի քառակուսի կիլոմետր մակերեսով։ Ներխուժումը ճակատով կազմել է մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ մոտ 8 կիլոմետր:

«Մեր գնահատմամբ՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն նպատակ էր հետապնդում դուրս գալ Ջերմուկ քաղաքի վրա և տնտեսական  լուրջ հարվածներ հասցնել ՀՀ-ին»,- ասել է ԳՇ պետը:

Նա ընդգծել է, որ 2020 թվականի 44-օրյա  ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջին քայլերը սկսվել էին 2021 թվականի մայիսի 12-ից։ «2021 թվականին նրանց գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման։ Իսկ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը դրանք ռազմական ագրեսիա էին Հայաստանի Հանրապետության հանդեպ»,- ասաց Ասրյանը։

Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին հայտնել է, որ հարձակման ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն կիրառել է հրթիռային, հրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր՝ հարվածներ հասցնելով ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու քաղաքացիական օբյեկտներին։

«Նաև զգալի վնասներ է կրել Ջերմուկ քաղաքը, ճոպանուղին չի գործում նորոգվելուց հետո»,- ավելացրել է նա:

Ասրյանը նախարարին տեղեկացրել է, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 5 ուղղություններով, որոնցից 2 ուղղությունը՝ Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց ձորի։ 

«Ցավոք, այդ գործողությունների ընթացքում զինված ուժերը կրեցին կորուստներ, նաև քաղաքացիական անձնակազմ զոհվեց, ունեցանք նաև տարածքային կորուստներ։ Ներկա պահին հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում»,- ասել է Էդվարդ Ասրյանը:

859