Այսօր՝ մայիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանում գործող հանրահայտ, Աշոտ Բլեյանի հիմնադրած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են իրավապահները, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու պարեկները նշված դպրոցի պատուհանների վրա հայտնաբերել են մոտ 20-ից ավելի կրակոցի հետքեր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ով կամ ովքեր են կրակոցների հեղինակները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կրակողների ինքնությունները պարզելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ կրակոցները գիշերն են հնչել։