Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհի 13-րդ կմ-ում, ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի, դասակի հրամանատար Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն  են իրականացրել նույն վաշտի կրտսեր պարեկներ Սուրեն Մանուկյանն ու Մելսիկ Առաքելյանը։ 

Հրշեջները մարել են Արթուր Մելքոնյանին պատկանող VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։ 

Դեպքի վայր են ժամանել են նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը։ 

Թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում առաջացել հրդեհը՝ պարզվում է Ոստիկանության Վարդենիսի բաժնում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

720