
ՈւԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը Ստամբուլից այլ երկիր տեղափոխելու հնարավորությունը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, պատճառը, որը կարող է կազմակերպությանը մղել նման որոշման, Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո հնարավոր անկարգություններն են։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ին նշանակված է քաղաքական կարևոր իրադարձություն, իսկ վճռորոշ խաղի օրը՝ հունիսի 10-ին։
Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն արդեն բանակցություններ է վարում Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, քանի որ ֆորսմաժորային իրավիճակի դեպքում նախատեսում է եզրափակիչն անցկացնել այս երկրում։
Հավելում ենք, որ Ստամբուլն արդեն երկու անգամ զրկվել է ֆուտբոլի Եվրոպայի գլխավոր գավաթի եզրափակիչն անցկացնելու իրավունքից։ 2020 թվականին հանդիպումը կանխվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով, իսկ մեկ տարի անց եզրափակիչում խաղացին անգլիական երկու թիմ, որոնց երկրպագուները Թուրքիայից վերադառնալուց հետո պետք է երկշաբաթյա կարանտին անցկացնեին տանը։ Այնուհետև եզրափակիչը կայացավ հենց Լիսաբոնում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչում «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին 1:1 հաշվով, իսկ «Միլանը» 0:2 հաշվով պարտվեց «Ինտերին»: Պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 16-ին և 17-ին։