Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի  պատգամավոր Գարո Փայլանը հիասթափված է Թուրքիայում ընտրությունների առաջին փուլի արդյունքներից և կարծում է, որ եթե Ռեջեփ Էրդողանը, ով դաշինք է կազմել ազգայնականների ու ծայրահեղականների հետ, հաղթի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ավելի կբարդանա։  «Պետք է ջանք չխնայել՝ համոզելու Թուրքիային խաղաղություն հաստատել Հայաստանի հետ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել նա։

Փայլանի խոսքով՝ կարևոր է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը զարգանա, քանի որ «միայն ժողովրդավար երկիրը կարող է լուծել իր խնդիրները հարևանների հետ»։ Պատգամավորն արձանագրում է, որ վերջին ընտրությունների արդյունքները չեն արդարացրել պոլսահայ համայնքի ակնկալիքները։ «Թուրքիայի հայերն արդեն վախի մեջ են։ Մինչև 2015 թվականը մենք խոսում էինք մեր խնդիրների մասին, մինչդեռ դրանից հետո հայերն ավելի լուռ են։ Հույս ունեինք, որ ինչ-որ բան կփոխվի այս ընտրությունների արդյունքում, սակայն այդպես չեղավ։ Դժբախտաբար, հայերն ավելի անձայն են լինելու այս ժամանակահատվածում»,- արձանագրել է Փայլանը։

 

 

 

1045