Հայաստանի Առաջին Հանրապետության օրը մեծ շուքով նշվեց Ապարանում․ մասնակից էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Կառավարության և Աժ անդամներ, պաշտոնատար անձինք

Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի հաղթանակի և Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 105-ամյակի առիթով Ապարանում այսօր մեծ տոնախմբություն էր։

Քաղաքը մշակութային մեծ տոնահանդեսի շուրջ էր համախմբել Արագածոտնի համայնքների և Հայաստանի մարզերի բնակիչների, ստեղծել գունեղ մի միջավայր, որում խտացած էին ազգայինը, հայրենասիրականը, հաղթանակի ոգին։

Մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, նախարարներ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կառավարության ներկայացուցիչներ, համայնքապետեր, զինվորականներ, պաշտոնատար այլ անձինք։

Տոնակատարության մեկնարկը տրվեց Ապարանի հրապարակից։ Շնորհավորական խոսքով հանդես եկավ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

«Արդեն 2-րդ տարին եմ մարզպետի կարգավիճակում մասնակցում այս տոնին, ինչը մեծ պատիվ է։ Մենք նման հրաշալի միջոցառմամբ տոնում ենք մեր պապերի հաղթանակները, հիշում և ոգեշնչվում նրանց սխրանքներով։ Այսպիսով մենք արժևորում ենք մեր պատմությունը, անցյալը՝ վստահ քայլերով գնում դեպի ապագա։ Վստահ եմ՝ մեր եռանդի ու աշխատանքի շնորհիվ մենք կերտելու ենք հզոր Հայաստան։ Շնորհավորում եմ բոլորիս»,-ուղերձում նշեց Սերգեյ Մովսիսյանը։

Շնորհավորանքի խոսք ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Զինվորական շքերթով ամփոփվեց միջոցառման պաշտոնական մասը։ Պետական այրերը շրջեցին տարբեր համայնքներ ներկայացնող տաղավարներում և զրուցեցին հայ արտադրողների, արվեստի դպրոցների սաների, բնակիչների հետ։ Այնուհետև քայլերթով շարժվեցին դեպի Մեծ եղեռնի զոհերի, Ապարանի հերոսամարտում և Երկրորդ աշխարհամարտում անմահացած հայորդիների հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին, ապա եղան Ապարանի զինվորական պանթեոնում և խնկարկեցին հայ-ադրբեջանական պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը։

Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց Արագածոտնը և հայաստանի այլ մարզերը ներկայացնող տաղավարներում ավանդական ուտեստների հյուրասիրությամբ, ազգային երգ ու պարով, արվեստի գործերի ցուցադրությամբ, մարզական ներկայացումներով։

Շնորհավոր Մայիսի 28։
 

 

 

847