
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ արդեն 20 տարի է՝ նա ղեկավարում է երկիրը։ Միջազգային հեղինակավոր պարբերականներն անդրադարձել են նրա հաղթանակին․
Politico․ Էրդողանը, սկսելով ևս մեկ հնգամյա ժամկետ, բոլոր հնարավորություններն ունի ազդելու ոչ միայն երկրում ժողովրդավարության զարգացման ուղղության, այլև տարածաշրջանում և դրանից դուրս քաղաքականության ձևավորման վրա։
Washington Post. Թուրքիայի արտաքին դաշնակիցները, ներառյալ ԱՄՆ-ը, պետք է ևս հինգ տարի աշխատեն «փշոտ գործընկերոջ» հետ, որն օգտագործել է հարաբերությունները միջազգային խաղացողների հետ ներքին քաղաքական շահերի համար:
Էրդողանի հաղթանակը ցույց տվեց «նրա ամենահավատարիմ կողմնակիցների ուժը, որոնցից շատերը պահպանողական մուսուլմաններ են, որոնք դարձել են շրջադարձային կետ և կայուն ուժ երկրի քաղաքականության մեջ»:
Էրդողանը կանգնած է դժվարին խնդրի առջև՝ փորձել հեռու պահել Թուրքիայի տնտեսությունը աղետից։ Թուրքական լիրան ընկավ, քանի որ Էրդողանը փորձեց արհեստականորեն ցածր պահել տոկոսադրույքները, իսկ արտաքին պահուստները «ցամաքեցին»։
New York Times. Էրդողանի համար հաղթանակը հեշտ չէր։ Նախագահի ժողովրդականությունը խարխլվել է ցավալի ճգնաժամի, ինչպես նաև քննադատության պատճառով, որին կառավարությունը բախվեց փետրվարյան երկրաշարժի ժամանակ ձեռնարկված միջոցառումների պատճառով: Էրդողանին հաջողվեց հետ մղել իր կարիերայի ամենամեծ քաղաքական մարտահրավերը, ինչը «արևմտյան դաշնակիցների հետ վիճաբանող անկայուն առաջնորդին ևս հինգ տարի հնարավորություն տվեց թուրքական պետության նկատմամբ իր ուժեղացված վերահսկողությունը պահել»:
Վաշինգտոնի հետ հարաբերությունները մնում են «բարդ», այդ թվում՝ 2019 թվականին Անկարային F-35 կործանիչների մատակարարման ծրագրի չեղարկման, Սիրիայում քրդական ուժերին աջակցելու համար ԱՄՆ-ի քննադատության ֆոնին։
Vox լրատվական կայքն իր՝ «Ինչ է նշանակում Էրդողանի հաղթանակը Արեւմուտքի եւ աշխարհի համար» հոդվածում մատնանշում է Թուրքիայում ընտրողների շրջանում ազգայնական տրամադրությունների գերակայությունը։
Գնահատելով նախագահի արտաքին քաղաքականությունը՝ կայքը մատնանշում է, որ «նա հավատում է բազմաբևեռ աշխարհին, որտեղ Թուրքիան ևս ուժ է մնացածների հետ միասին»։
Հեղինակները շեշտում են, որ Էրդողանը վերդասավորվել է որպես «Անկարան՝ Արևմուտքից հեռու» ուղիով՝ օգտագործելով լծակները՝ երկրների միջև հարաբերությունները հավասարակշռելու համար և մրցակիցների հետ խաղալով իր և Թուրքիայի շահերին համապատասխան: «Թուրքիան ՆԱՏՕ-ի վաղեմի անդամ է, սակայն Էրդողանը փորձում է վարել ավելի անկախ արտաքին քաղաքականություն, որը կազատի Անկարային Վաշինգտոնի կախվածությունից»,- նշում է պարբերականը։
NBC հեռուստաալիքն իր հրապարակման մեջ նշում է, որ Թուրքիան հնարավորություն ուներ «փոփոխություններ անել այն երկրում, որտեղ Էրդողանի կուսակցությունը իշխանության ղեկին է 2002 թվականից։ Չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է և ընտրություններ է անցկացնում, 84 միլիոնանոց երկիրը Էրդողանի օրոք սահել է դեպի ավտորիտարիզմ և սերտ կապեր պահպանել Ռուսաստանի հետ»: