ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Խ.-ն, 2010-2015թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի պաշտոնը, իշխանական լիազորություններն օգտագործելով, նշված ժամանակահատվածում հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 16 մլն ՀՀ դրամի գույք և դրամական միջոցներ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Տ. Խ.-ն, 2010-2015 թվականների ընթացքում իր վարույթում գտնվող կատարողական վարույթներով պարտապաններից ստացել է բռնագանձման ենթակա գումարները, սակայն յուրաքանչյուր անգամ իրեն վստահված դրամական միջոցները ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու փոխարեն, իշխանական լիազորություններն օգտագործելով, հափշտակել է:

Արդյունքում՝ նշված ժամանակահատվածում Տ. Խ.-ն 92 պարտապաններից ստացած և իրեն վստահված միջոցներից հափշտակել է ընդհանուր 10.973.881 ՀՀ դրամ:

Բացի այդ, Տ. Խ.-ն 2014 թվականի հոկտեմբերից 2015 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ծառայության նկատմամբ դրսևորած անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները, այն է՝ ԴԱՀԿ Էրեբունի-Նուբարաշեն բաժնում ստացված և իրեն կատարման հանձնարարված 359 կատարողական թերթերով համապատասխան վարույթներ հարուցելու մասին որոշումներ չի կայացրել և կատարողական գործողություններ չի կատարել, որի հետևանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները տևական ժամանակ չեն կատարվել:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Տ. Խ.-ն, 2015 թվականի ապրիլին տեղեկանալով, որ իր բարեկամ Ա. Թ.-ն ցանկանում է վաճառել իրեն պատկանող «Hyundai Elantra» մակնիշի 2 ավտոմեքենաները, սակայն մեկ այլ ավտոմեքենայի գրավադրմամբ ունեցած բանկային պարտավորությունները չկատարելու պատճառով զրկված է դրանք այլ անձանց վաճառելու հնարավորությունից, նրան առաջարկել է նշված ավտոմեքենաները վաճառել իրեն՝ կեղծ խոստումներ տալով, թե իբր մեկ ամսվա ընթացքում կմարի Ա. Թ.-ի վարկային պարտավորությունը, ինչպես նաև կտրամադրի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար նախապես պայմանավորված 5 մլն ՀՀ դրամ գումարը: Ավտոմեքենաները ստանալուց հետո, սակայն, Տ. Խ.-ն դրանք առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպումների օտարել է այլ անձանց, ստացել վաճառքից գոյացած գումարը և դիմել փախուստի (հեռացել է ՀՀ-ից)՝ Ա. Թ.-ին պատճառելով 5.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

13.10.2015թ. Տ. Խ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նախաքննության ընթացքում՝ 2023թ. սեպտեմբերի 26-ին, մեղադրյալ Տ. Խ.-ն հայտնաբերվել և ձերբակալվել է Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, որից հետո՝ 2023թ. փետրվարի 3-ին, արտահանձնվել է ՀՀ իրավապահ մարմիններին և նույն օրը ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին:

Դատարանի կողմից վերահաստատվել է Տ. Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

601