ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի  ժամանակ հայտարարել է, թե ցանկանում է գովեստի խոսքեր ասել հայ ժողովրդին՝ ի հեճուկս անվտանգային դժվարությունների՝ ժողովրդավարության ասպարեզում իրենց անսասան հանձնառության համար։

Ըստ նրա, ՀՀ-ն դառնում է տարածաշրջանում պայծառ կետ. «Սա մենք նկատեցինք Freedom House-ի անցած շաբաթ հրատարակած «Անցումային պետություններ» զեկույցում։ ԱՄՆ-ն այս ճանապարհին ձեր կողքին է դեպի ավելի բաց, ավելի հաշվետու, բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա»,- ասել է դեսպան Քվինը։

Նրա խոսքով, ինքն անչափ հպարտ է այն աշխատանքով, որ Միացյալ Նահանգները հայ հասարակության հետ համատեղ իրականացնում է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

«Մենք քայլեր ենք ձեռնարկում վերացնելու խտրականությունը և խթանում ենք մի հասարակություն, որտեղ հարգվում են բազմազանությունը և հասարակության բոլոր անդամների իրավունքները՝ անկախ նրանց կարգավիճակից, դիրքից։

ԱՄՆ-ն աջակցում է ձեր ջանքերին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ամրապնդելու իրավունքի գերակայությունը, ինչը մեծացնելու է հասարակության վստահությունը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ։

Մենք միասին աշխատում ենք մամուլի ազատությունը խթանելու ուղղությամբ և ապահովելու տեղեկատվության ազատ հոսքը, խոսքի ազատությունը։

Մենք նաև կառուցում ենք առավել դիմակայուն հիմքեր ժողովրդավարության համար՝ խթանելով քաղաքացիական կրթությունը և խրախուսելով Հայաստանի ամուր քաղաքացիական հասարակության առավել ակտիվ ներգրավվածությունը։

Միասին կարող ենք հաղթահարել մարտահրավերները, կերտել ապագա, որտեղ ազատությունը, արդարությունը և ժողովրդավարությունը գերակայում են»,- հայտարարել է դեսպան Քվինը։

395