Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի նպատակն է նպաստել Հայաստանի իրադարձային զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև գինու արտադրության և զբոսաշրջության միջոցով խթանել մեր երկրի տնտեսությունը:

Այս տարի մայիսի 29-ից հունիսի 4-ը նախատեսվում է անցկացնել հայկական գինու հանրահռչակմանն ուղղված «YereWineDays» արշավը, որի ընթացքում կանցկացվեն գինու մշակույթի իրազեկմանն ուղղված միջոցառումներ, վարպետաց դասեր ֆոկուս խմբերի համար, ռեստորանային շաբաթ հատուկ սեթ-մենյու արշավը, գինու և գաստրոնոմիկ շոուներ, ելույթներ,  մշակութային և ժամանցային  ծրագրեր, տարաբնույթ այլ միջոցառումներ։

Արդեն 7 տարի է, ինչ ռեստորանները  «Երևանի գինու օրերի» անբաժանելի մասը են կազմում, այս տարի փառատոնին կմասնակցի 30 ռեստորան։ «YereWineDays» արշավի ընթացքում առաջին անգամ կանցկացվի «Ռեստորանային շաբաթ» ակցիան, որին մասնակից 50-ից ավելի ռեստորանները 1 բաժակ անվճար գինով և նվազագույնը՝ 15 տոկոս զեղչով, հատուկ ճաշացանկ կառաջարկեն իրենց հաճախորդներին:

Հատուկ փառատոնին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, ռուսաստանցի շոկոլադագործ, ռուսաստանցի սոմելյե, լատվիացի արվեստագետ, չեխական ջազ-բենդ, ամերիկյան ռոք-բենդ, ռուս հայտնի դիջեյներ: Բացի օտարերկրյա հյուրերից, հրաշալի ժամանցը կապահովեն հայ հայտնի շեֆ-խոհարարներ, գիտնականներ, պատմաբաններ, շատ հայտնի երաժշտական խմբեր ու անհատ կատարողներ։

«Երևանի գինու օրերի» կարևոր բաղադրիչներն են կրթական և մշակութային ծրագրերը. արդեն 3-րդ տարին է, ինչ կազմակերպվում են գինեդասերը և գաստրոշոուները, որոնք վարում են  հայ և միջազգային գինեգետները: Ելույթներից մեկում ամերիկացի հայտնի շեֆ-խոհարարը և հայ  սոմելյեն կխոսեն  գինու և սննդի ճիշտ համադրության, բաժակների համապատասխան ընտրության մասին։

Արվեստի և գինու համադրությունների մասին բացառիկ ելույթներով հանդես կգա հայտնի   լատվիացի արվեստաբան Արթուր Չեխը: 

Այս տարի «Երևանի գինու օրեր» փառատոնը կմեկնարկի իր նոր պրոդուկտը՝ աուդիո ինտերակտիվ թատրոնը, որը կազմակերպել ենք մեր գործընկեր «Talk City»-ի հետ համատեղ։ Հատուկ ականջակալների միջոցով ունկնդիրները հնարավորություն կունենան ծանոթանալու ռոմանտիկ պատմության և հերոսներ՝ Դանիելի ու Միրիամի հետ կբացահայտեն գինու կախարդական աշխարհը։  Աուդիո ինտերակտիվ թատրոնը կուղեկցվի մի քանի տեսակ գինու հյուրասիրությամբ։ Գինեդասերը, շոուներն ու թատրոնը կանցկացվեն օրական 5-7 անգամ՝ 3 լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։

Առաջին անգամ Հայաստանի պետական պատկերասրահը՝ «Երևանի գինու օրեր» փառատոնի հետ համագործակցությամբ կներկայացնի իր արխիվներում գտնվող գինու և գինու մշակույթի մասին պատմող եզակի արվեստի գործերի ցուցահանդեսը։

Որպես սոցիալական պատասխանատու կազմակերպություն՝ «ԷվենտՏուրան» առաջնային է համարում սոցիալական նպատակների սահմանումը, ուստի 2021 թվականից «Երևանի գինու օրերը» թիրախային սոցիալական ծրագրեր են իրականացնում՝ հատկապես զինվորների վերականգման և կրթության ուղղությամբ։

Տեղեկանք. 2017-2022 թթ. ընդհունուր առմամբ, փառատոնին մասնակցել է 180 գինու արտադրող, միայն 2023 թվականին նախատեսվում է 70 արտադրողի մասնակցություն: Նշված 6 տարիների ընթացքում վաճառվել է 17 000 շիշ գինի, այս տարի կանխատեսվում է 10 000 շիշ գինու վաճառք:  2017-2022 թթ.  փառատոնն արձանագրել է 160 000 այցելու, որից  80 000-ը՝ զբոսաշրջիկ, այս տարի սպասվում է  70 000 այցելու, որից 21 000-ը՝ զբոսաշրջիկ: 

Փառատոնի կազմակերպիչ «ԷվենտՏուրա»  ընկերությանն առաքելությունն է Հայաստանը դարձնել աշխարհի զբոսաշրջային գլխավոր մեկնուղիներից մեկը` զարգացնելով, նորարարական լուծումներ կիրառելով, մշակութային ու սոցիալական պատասխանատվության տարր մտցնելով Հայաստանի իրադարձային զբոսաշրջության ոլորտում։

Արագ փոփոխվող այսօրվա մեր աշխարհում՝ զբոսաշրջությունը ևս  արագ ու ճկուն փոփոխությունների է ենթարկվում, առաջ է մղվում իրադարձային զբոսաշրջությունը, ուստի   ընկերությունը փորձում է գտնել զբոսաշրջության նոր մոդելներ, նոր հնարավորություններ: Այս նոր մոդելը փոխում է կարծրացած պատկերացումներն ու զբոսաշրջիկների հոսքերն ուղղորդում դեպի կոնկրետ իրադարձությունների: Այսօրվա զբոսաշրջիկին այևս չի բավարարում միայն Հայաստանի պատմամշակութային արժեքներով հիանալը, նրան առավել ձգում է կոնկրետ իրադարձության,  միջոցառման շուրջ համախմբվելը:

ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության արդյունքում ավելացրել ենք նորարարություններ, որոնք առավել հարստացրել են մեր միջոցառումը։ Դրանք են շեֆ-խոհարար Ամանդա Ֆրեյթագի գաստրո շոուն և ամերիկյան ռոք բենդ «Black Alley» ի ելույթը։

Ամանդա Ֆրեյթագ․ գաստրո շոու – հունիսի 3՝ ժամը 19։00-ից 20։00, Մոսկովյան փողոցում՝ «Գինու և Գաստրո շոու»-ի գոտում

Black Alley – հունիսի 3-ին՝ ժամը 20։00-ից 21։20

1268