Վերջին շրջանում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կողմից կիրառվող սահմանափակումներն ավելի են խստացվել։ Բազմաթիվ օգտատերեր ահազանգում են, որ իրենց էջերն արգելափակվում են, կամ, ըստ նրանց, անհասկանալի սահմանափակումներ են կիրառվում, որոնք խնդրահարույց են դարձնում ցանցից օգտվելու հնարավորությունը:

Խնդիրը սրվեց և նկատելի դարձավ հատկապես 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո, երբ «Ֆեյսբուք»-ը սկսեց արգելել ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հետ կապված ցանկացած հրապարակում (լուսանկար, տեսանյութ, գրառում կամ այլ տեսակի հիշատակում), ինչը տարակուսանք առաջացրեց հայ օգտատերերի շրջանում: Բանն այն է, որ խոսքը ոչ միայն նրա վերաբերյալ արվող նոր հրապարակումների մասին է, այլ նույնիսկ տասնյակ տարիների վաղեմություն ունեցող հրապարակումները պատճառ են դառնում օգտատերերի երկար տարիների էջերի մասնակի կամ ամբողջական արգելափակման:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, սակայն, չի կարծում, թե խնդիրը միայն այդ տեսակի հրապարակումների հետ է կապված: Նրա խոսքով՝ «Ֆեյսբուք»-ում համընդհանուր խնդիր է սա:

«Այստեղ բովանդակություն է արտադրում 2,5 միլիարդ մարդ, հաշվում ենք նաև «Մետա»-ի հետ կապված մյուս ցանցերը՝ «Վաթսափ» և «Ինստագրամ», ստացվում է՝ բովանդակություն է ստեղծում 3 միլիարդ մարդ, որոնք խոսում են տարբեր լեզուներով։ Այս ամեն ինչ մեջ կա շատ ատելության խոսք, տարբեր երկրների ու ազգերի միջև կոնֆլիկտային հարաբերություններ։ Եվ բոլորը մեղադրում են ՖԲ-ին, որ չի իրականացնում նորմալ մոդերացում, այդ պատճառով դրանք տարածվում են։ Օրինակ՝ ինչպես հայերն են մեղադրում ադրբեջանցիներին կեղծիքներ ու քարոզչություն տարածելու համար, այնպես էլ նրանք մեզ են մեղադրում։ Այս կոնֆլիկտները մարդկային ռեսուրսի միջոցով գտնել, կարդալ ու զտել անհնար է, և ՖԲ-ն դա անում է հիբրիդային տարբերակով՝ արհեստական բանականության ռոբոտների միջոցով, որոնք էլ տեքստն ու նկարները կարդում են, փորձում գտնել դրանց միջից «վատերը» և արգելափակել կամ սահմանափակում մտցնել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանում է Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ լինում են դեպքեր, երբ ռոբոտների հետ միասին որոշ հրապարակումներ ընկերության աշխատակիցներն էլ են նայում, սակայն նրանց հարցում ևս խնդիր կա․ «Օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցերի վերաբերյալ գրառումների հետ կապված թեմաններից տեղեկացված չեն, ենթատեքստերը սխալ են հասկանում, ինչի հետևանքով էլ շատ հրապարակումներ հեռացնում են կամ արգելափակում։ Իրականում ՖԲ-ում շատ բաներ կան, որոնք դրված են ինքնաբերաբար հեռացված համակարգի տակ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

1270