Առողջապահական ապահովագրական փաթեթի ընդունմամբ՝ առաջնային օղակի ծառայություններն ընդլայնվելու են, փաթեթում ներառվելու են հիվանդանոցային թանկարժեք վիրահատություններ, բուժական միջամտություններ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պետությունը միջին աշխատավարձից ցածր ստացող քաղաքացիների համար ունենալու է ճկուն, սուբսիդավորման օժանդակ ծրագրեր: Ամսական տասը հազար դրամ կամ ինչ որ կսահմանվի օրենքով, վճարման պարագայում, քաղաքացին, երբ կունենա սրտի բաց վիրահատության կարիք, որը կարժենա 4-5 միլիոն դրամ, ոչինչ չի վճարի»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ այսօր մենք ունենք դիմումներ, որ երիտասարդ՝ 35-40 տարեկան մարդիկ ընկել են հիվանդանոց ու պետք է վճարեն 4, 5 միլիոն դրամ և դժվարությունների առաջ են կանգնած: «Երբ հետադարձ նայում ես՝ ամսական մի փոքր գումար վճարելով դու քեզ զերծ ես պահում նման աղետալի ծախսերից, սա է առողջապահական համակարգերի լուծումը»,-ասաց նա և նշեց, որ այս ռեֆորմը կորցրած ժամանակ ունի, այսինքն՝ տարիներ առաջ պետք է ընդունված լիներ: