Ինչպես ինքն է հարցազրույցներում հաճախ նշում, համերգն սկսեց հրեշտակի պես, եզրափակեց սատանայի նման: Խորվաթ թավջութակահար Հաուսերը (HAUSER), որն աշխարհը նվաճել է ոչ միայն դասական, այլև ժամանակակից հիթերի յուրահատուկ կատարումներով, հունիսի 17-ին «Հայա» փառատոնի շրջանակում հանդես եկավ երևանյան մենահամերգով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, որը լեփ-լեցուն էր:
Մինչ գեղեցիկ երաժշտությամբ և անսովոր մեկնաբանություններով հանդիսատեսին գերելը, Հաուսերն ասաց՝ ուրախ է կյանքում առաջին անգամ ելույթ ունենալ Հայաստանում: «Շնորհակալ եմ, որ եկել եք համերգին և հույս ունեմ, որ լավ ժամանակ կանցկացնենք միասին»,- նշեց թավջութակահարը:
Նա նախապես տեղեկացրեց, որ սկսելու է մեղմ երաժշտությամբ, ընթացքում անցնելու է վայրի ստեղծագործությունների, և այդպես էլ արեց: Ներկաները դասական գործերն ունկնդրեցին նստած, սակայն հետո Հաուսերն իր փայլուն երաժիշտների հետ նվագեց սիրված ֆիլմերի սաունդթրեքեր, «Despacito», «Señorita», «Livin' La Vida Loca» և մի շարք այլ հիթեր, որոնք հանդիսատեսը վայելեց կանգնած երգելով ու պարելով: