
Ազգային ժողովում ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին դրական եզրակացություն ստացավ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծումը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սարգիս Խանդարյանը նշեց, որ վերջերս Հայաստանը և Հունգարիան փոխադարձաբար դեսպաններ նշանակելով վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները: Նա հայտնեց, որ Հունգարիայի խորհրդարանում արդեն ձևավորվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբը։
Պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ տարի Հունգարիայի ջանքերով ռազմագերիներ են վերադարձվել: Նա նկատեց, որ Հունգարիան ԵՄ անդամ է, և պետք է կարողանանք կառուցել կառուցողական հարաբերություններ ԵՄ անդամ երկրների հետ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Գուրգեն Արսենյանը հիշեցրեց, որ Հունգարիայի հետ դիվանագիտական խզումը պայմանավորված էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու հանգամանքով:
Գուրգեն Արսենյանը նշեց, որ այն ժամանակ ևս կտրուկ դժգոհություն է հայտնել դիվանագիտական հարաբերությունների խզման համար, քանի որ ի՞նչ կապ ունի Հունգարիայի ժողովուրդը իր ղեկավարի ընդունած որոշման պատասխանատվության հետ: «Ես այն ժամանակ դա դիտարկում էի որպես պետական գործչի կողմից պետական կարճամտության դրսևորում: Ես կարծում եմ, որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը՝ դա նախորդ ղեկավարության կողմից քաղաքական և պետական գործչի կողմից թույլ տրված սխալի սրբագրում է»,- ասաց նա:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստան- Հյուսիսային Մակեդոնիա և Հայաստան-Պերու բարեկամական խմբերի ստեղծմանը: