Ներկայումս մշակվում է թմրամիջոցների չարաշահման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ազգային ռազմավարություն` հաշվի առնելով հիմնախնդրի հետ կապված նոր մարտահրավերները՝ տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ռազմավարությամբ մատնանշվելու են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությունները:

Ռազմավարության մշակման գործընթացում ներգրավված են թմրամիջոցների հիմնախնդրի հետ առնչվող բոլոր գերատեսչությունները, այդ թվում՝ նաև առողջապահության նախարարությունը։

2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 7854 անձ, որոնցից 7612-ը` թմրամիջոցներով, իսկ 242-ը` հոգեներգործուն նյութերի և հոգեխթանիչների գործածմամբ պայմանավորված:

Նրանցից 2914-ը հաշվառված է ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով, 4687-ը՝ կանաբինոիդային թմրամիջոցների գործածման հետևանքով, 11-ը՝ կոկաինի գործածման հետևանքով։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող նարկոլոգիական բուժումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։

Ափիոնատիպ կախվածության համախտանիշ ունեցող 822 անձ ներկայումս ստանում է փոխարինող բուժում։

«Զերծ մնացե՛ք թմրամիջոցներից, քանի որ դրանց գործածման անգամ մեկ փորձը կարող է դառնալ ճակատագրական և անդառնալի վնաս հասցնել առողջությանը»,-հորդորում են նախարարությունից:

503