Օգոստոսի 1–ից գազի սակագինը չի փոխվի։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղմանյանը` անդրադառնալով հարցին, թե փոխարժեքով պայմանավորված՝ հնարավո՞ր է գազի սակագնի նվազում լինի:

«Փոխարժեքն ընդամենը մեկ գործոն է, որն ազդում  է այդ սակագնի ձևավորման վրա։ Իհարկե, փոխարժեքը դրական է ազդել, բայց պետք  է չմոռանանք, որ սպառման շուրջ 70 տոկոսն արդեն օգտվում է փոխարժեքի նվազեցումից, որովհետև միայն բնակչության համար է նախատեսված դրամային սակագին, իսկ մնացած 70 տոկոսի համար սահմանված է սպառման բանաձև, արդեն  իսկ բացարձակ վճարումները ամսական նվազել են»,-ասաց նա:

Գարեգին Բաղմանյանը նշեց, որ ամեն դեպքում վերանայում նախատեսվում է, քանի որ փոխարժեքով դրական արդյունք ունենք, սակայն որոշում է կայացվել այդ արդյունքով ներդրումային ծրագիր իրականացնել՝ մասնավորապես Երևան քաղաքի ենթակառուցվածքների գազամատակարարումը վերականգնել:

«Վաղվա նիստին առաջարկում են պահպանել նույն մակարդակի, փոխարժեքի տատանման գումարներն ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասաց նա և նշեց որ այդ միջոցները ուղղվելու են Երևան մտնող 4 ուղղություններով բաշխիչ 4 կայանների, նոր խողովակաշարերի կառուցմանը, ինչի արդյունքում Երևանում գազի սպառման ծավալը կրկնապատկվելու է։

«Գնիջեցումը կարող է ռիսկային լինել ամառային ամիսներին, քանի որ գազի սպառումը ամառային ամիսներին եռակի, քառակի նվազում է: Ամառային ամիսներին  փոխարժեքի տատանմամբ պայմանավորված՝ նվազում անելը  ռիսկային է, և եթե աշնանը ունենանք փոխարժեքի բարձրացում, շատ ավելի վատ անդրադարձ կունենա»,- ասաց նա:

678