Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը ուշադիր հետևելու է Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններին։

«Մեզ հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ է քննարկվելու պարոն Էրդողանի և Զելենսկու միջև։ Սա կարևոր է»,- ճեպազրույցում ասել է նա լրագրողներին։

Պեսկովի խոսքով՝ Էրդողանը մեծ ջանքեր է գործադրում Ուկրաինայի հակամարտության համատեքստում։ Նա նշել է, որ չի բացառում Էրդողանի հետագա շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ծրագրում է քննարկել հացահատիկի գործարքը, գերիների փոխանակումը և Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում աջակցությունը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ղեկավարի կայքը։

Թուրքիայի նախագահի գրասենյակը հաստատել է հուլիսի 7-ին Զելենսկու հետ Ստամբուլում նախատեսված նրա հանդիպումը։

654