Նիդեռլանդների կառավարությունը՝ վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորությամբ, հրաժարական է տվել։ Այս մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Նիդեռլանդների կաբինետի ղեկավարը։

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս «կառավարության հրաժարականը կներկայացվի թագավորին»։ Իշխող կոալիցիայի փլուզումը կապված է միգրացիոն քաղաքականության տարաձայնությունների հետ, հավելել է Ռյուտեն։

«Սա չափազանց հիասթափեցնող քաղաքական իրողություն է»,- հայտարարել է վարչապետը։

Հաջորդ քայլը կլինի նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Դրանց արդյունքների հիման վրա պետք է ստեղծվի նոր իշխող կոալիցիա։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, գործող կառավարությունը կշարունակի ժամանակավորապես կատարել իր պարտականությունները։ Այս կառավարությունը, ասել է Ռյուտեն, կշարունակի աջակցել Ուկրաինային։

Ավելի վաղ Նիդեռլանդների հեռարձակման կորպորացիան, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Նիդերլանդների իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները չեն կարողացել պայմանավորվածություններ ձեռք բերել ապաստան հայցողների հոսքը նվազեցնելու համար։ Ռյուտեի գլխավորած «Ազատության և ժողովրդավարության» ժողովրդական կուսակցությունը առաջ է քաշում որոշ միջոցներ, մասնավորապես՝ ապաստանի շղթայում կրիտիկական իրավիճակի դեպքում պատերազմից փախած փախստականների ընտանիքի անդամների դիմումները կասեցնելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, Քրիստոնեական միություն կուսակցությունը հայտարարել է, որ չի կարող համաձայնել ընտանիքի վերամիավորման մարդկանց իրավունքների սահմանափակումներին: Գաղափարը չի պաշտպանել կոալիցիոն մեկ այլ կուսակցություն՝ «Դեմոկրատներ-66»-ը։

672