Ազգային ժողովը արտահերթ նիստին քննարկեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է արգելել մեծ ազդեցություն ունեցող հրավառությունների ներմուծումը՝  բացառությամբ պետական կամ համայնքային նշանակության տոների կամ պետական կամ համայնքային մասնակցության միջոցառումների ընթացքում:

«Այս մի բացառությունը թողնվել է նրա համար, որ գոնե երկրում հրավառություն լինի, բայց այդ հրավառությունը որ լինում է, իմանանք՝ պետական կամ համայնքային նշանակության միջոցառում է»,- ասաց նա:

Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ խախտումների դեպքում մեծ տուգանքներ են նախատեսվել: «Մինչև երեք միլիոն դրամի տուգանք են նախատեսել այս պայմանների խախտման դեպքում, այսինքն՝ եթե առանց թույլտվության կամ սահմանված պահանջների խախտմամբ ընկերությունը փորձի ներմուծել հրավառություններ, առաջին անգամ դա կլինի մեկից երկու միլիոն դրամ տուգանք, կրկնվելու դեպքում մինչև երեք միլիոն դրամ»,-ասաց նա:

Նախագծով նախատեսվում է նաև պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը, ինչպես նաև հրագործական արտադրատեսակների ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, արտադրությունը, պահեստավորումը, առևտուրը և կիրառումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ սահմանվել է՝  16 տարին չլրացած անձանց չվաճառել հրագործական արտադրատեսակներ, անգամ թեթև հրավառություններ:

 

 Նախագիծը անցավ միաձայն՝ 60 կողմ:

492