Կառավարությունն  այսօր՝  օգոստոսի 3-ին, հավանություն տվեց «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին և օժանդակություն տրամադրեց:

Նշենք, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն, որը «Ռոստելեկոմի» դուստր ձեռնարկությունն է, ներդրում կկատարի Աբովյան քաղաքում և 218 սերվերային պահարանների ծավալով տվյալների մշակման կենտրոն կկառուցի։ Ընկերության կողմից ներդրումային ծրագրին հավանություն տալու և օժանդակություն տրամադրելու մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Ըստ նախագծի` ընկերությունը ապահովելու է անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ կառուցելու է տվյալների մշակման կենտրոնի շահագործման համար փոխլրացնող երկու ենթակայան և համապատասխան մալուխային գծեր, ինչպես նաև վերակառուցելու է տրանսպորտային ճանապարհը:

Ընկերությունը նախատեսում է Աբովյան քաղաքում մատուցել հետևյալ ծառայությունները` համատեղակայում, վիրտուալ սերվերներ, ամպային ծառայություններ և այլն։ Ծրագրի արդյունքում իրականացվելու է 6.5 մլրդ դրամի ներդրում և առաջին տարում ստեղծվելու է 33 աշխատատեղ։ Աշխատողների միջին ամսական աշխատավարձը 500 հազար դրամ է նախատեսվում։

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես շրջանակի առաջարկությունները։

Նախագծի իրագործման համար ՀՀ պետական բյուջեից 613.1 մլն դրամ կհատկացվի ենթակառուցվածքի կառուցման համար, որը արդեն իսկ ներառված է ՀՀ պետական բյուջեի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման բյուջետային ծրագրով։

Նշենք, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն 2012թ. դարձել է «Ռոստելեկոմ» խմբի անդամ: Նույն տարվա դեկտեմբերից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն ՀՀ-ում մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո՝ որպես «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն:

Մանրամասները՝ տեսանյութում

882