Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 25-ին Դիլիջանում անցկացվեց շրջանաձև տնտեսության թեմայով Հայաստանում առաջին միջազգային ֆորումը՝ մեկ հարկի տակ հավաքելով հարյուրից ավելի ոլորտի դերակատարների և Իմփաքէ Հաբ Ցանցի ավելի քան 150 ներկայացուցիչների աշխարհի 40 երկրներից։ Նախաձեռնության շնորհիվ UWC Դիլիջանի քոլեջը վերածվել էր շրջանաձև տնտեսությանն առնչվող գիտելիքի և լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցության հնարավորությունների քննարկման աննախադեպ հարթակի։

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող «CirculUP!․ Հայաստանում շրջանաձև տնտեսությունը հանրայնացնելու կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակում։

«Ինչպես գիտեք, Հայաստանում այսօր գեներացվող թափոնների 90%-ն ի վերջո հայտնվում է աղբավայրերում կամ թափոնակուտակիչներում: Սա բերում է նրան, որ վատնվում են ռեսուրսներ նաև վնաս է հասցվում շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը։ Մենք փորձում ենք այս ծրագրի միջոցով Հայաստանում ներկայացնել Եվրոպական միության տարածքում գործող լավագույն փորձը: Ընդհանրապես շրջանաձև տնտեսությունը ԵՄ-ում ներդրվել է 2015 թվականից և այդ ժամանակահատվածում մենք կարողացել ենք կուտակել լավագույն փորձի որոշակի օրինակներ, որոնք մեզ հնարավորություն են տվել տեսնելու, թե ինչպես կարելի է խնայել ռեսուրսներ, ինչպես կարելի է ստանալ տնտեսական օգուտ` միաժամանակ ստեղծելով նոր աշխատատեղ և զբաղվածություն։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ շրջանաձև տնտեսությունը ներդրվի նաև Հայաստանում»,- ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Զուզաննա Սորոցինովան:

Ֆորումի շրջանակում կայացած պանելային թեմատիկ քննարկմանը ոլորտի առաջատար ներկայացուցիչները՝ կառավարոթյունից, բիզնեսից, միջազգային գործընկերներից և փորձագիտական համայնքից, ներկայացրին իրենց տեսլականը և անդրադարձան այն փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացման, ինտեգրման և ներքին պոտենցիալի առավել արդյունավետ օգտագործման համար։

«Սա պարզապես կոնֆերանս չէ: Սա շրջադարձային կետ է»,- ասում է Իմփաքթ Հաբ Ցանցի գործադիր տնօրենը Տատյանա Գլադը,- Հայաստանը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում դուրս գալ փորձնական նախագծերից և ստեղծել իրական էկոհամակարգեր, որտեղ քաղաքականություն մշակողները, ձեռներեցները, ներդրողները և քաղաքացիները համատեղ ստեղծում են երկարաժամկետ լուծումներ»:

Խոշորածավալ այս միջոցառումը արդյունավետ հարթակ էր նաև մեր երկրում շրջանաձև տնտեսության մոդելով գործող բիզնեսների գրանցած հաջողությունները ներկայացնելու և միջազգային ամուր համագործակցություն ստեղծելու համար։ Ֆորումի ընթացքում անցկացվեց շրջանաձև մոդելով աշխատող բիզնես ընկերությունների ցուցադրություն, որտեղ «CirculUP!» ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն ստացած կազմակերպությունները ներկայացրեցին իրենց կողմից կիրառվող նորարարական շրջանաձև լուծումներն ու մոդելները։

«CirculUP!» ծրագրի շրջանակում ավելի քան 100 ստարտափ, ՓՄՁ և քաղաքացիական հասարակության կազմակերպություն ստացել են շրջանաձև տնտեսության վերաբերյալ փորձագիտական վերապատրաստում։ Երկու տասնյակից ավելի բիզնես ընկերություններ և ՔՀԿ-ներ ստացել են ավելի քան 500,000 եվրոյի դրամաշնորհներ շրջանաձև մոտեցումների հանրայնացման և բիզնեսում շրջանաձև գործիքներ ներդնելու նպատակով։

«CirculUP!»-ը նպաստում է նաև ոլորտային քաղաքականության ձևավորմանը՝ համագործակցելով պետական կառույցների հետ Հայաստանում շրջանաձև տնտեսության կոալիցիայի (ACEC) միջոցով, որը ձևավորվել է հենց ծրագրի շրջանակում։ Այս տարվա ընթացքում ծրագիրը նախատեսում է իրականացնել համապարփակ հետազոտություն՝ գնահատելու շրջանաձև տնտեսության զարգացման ներուժը Հայաստանում և ապահովելու ոլորտի դերակատարներին անհրաժեշտ տվյալներով՝ առավել փաստահեն որոշումների կայացման համար։

«Հայաստանը դառնում է տարածաշրջանային առաջնորդ շրջանաձև տնտեսության և սոցիալական նորարարությունների բնագավառում: Ֆորումը եզակի հնարավորություն է Հայաստանում այս ոլորտով հետաքրքրված անձանց համար՝ միջազգային կապեր հաստատելու, տեղական փորձով կիսվելու և օտարերկրյա գործըկերների հետ համատեղ նախագծեր իրականացնելու առումով: «CirculUP!»-ը ապացուցում է, որ նույնիսկ փոքր երկրներում հնարավոր է մեծ համակարգային փոփոխություն, երբ մենք միասին ենք աշխատում»,- ասում է «CirculUP!»-ի ծրագրի ղեկավար Անի Բաբումյանը:

Ֆորումի շրջանակում առաջին անգամ պաշտոնապես ներկայացվեց նաև գլոբալ Իմփաքթ Հաբ Ցանցի կողմից մշակված «Խնդրի վրա հիմնված էկոհամակարգերի կառուցման մեթոդաբանությունը», որը նախատեսված է ներառականության և համագործակցության միջոցով բարդ խնդիրների լուծման համար:

«Հայաստանում գյուղատնտեսությունը, տուրիզմը, տեքստիլը այն ուղղություններն են, որոնցում այսօր ամենաշատն ենք տեսնում շրջանաձև տնտեսության ներդրման հնարավորությունները: Մենք հավատում ենք, որ շրջանաձև տնտեսություն ոչ միայն բնության պահանության և ռեսուրսների խնայողության, այլև տնտեսության զարգացման մասին է, քանի որ շրջանաձև տնտեսության հիմքով ստեղծված ապրանքը ճիշտ մատուցելու դեպքում մենք կարող ենք իրացնել եվրոպական, ամերիկյան շուկաներում,– ասում է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը և հավելում,– մենք հուսով ենք, որ այս ֆորումը կդառնա ամենամյա և մենք ամեն տարի նոր արդյունքներ կունենանք»:

«CirculUP!»-ի մասին

«CirculUP!»-ը Հայաստանի առաջին ազգային նախաձեռնությունն է՝ շրջանայձև տնտեսություն ստեղծելու ուղղությամբ: Այս նախագիծը կառուցում է կամուրջներ հանրային, մասնավոր և քաղհասարակության հատվածների միջև՝ թափոնները նվազեցնելու, շրջանաձև բիզնես մոդելները խթանելու և համակարգային նորարարություններ իրականացնելու համար: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող «CirculUP!․ Հայաստանում շրջանաձև տնտեսությունը հանրայնացնելու կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է  Իմփաքթ Հաբ Ցանցը, Իմփաքթ Հաբ Երևանի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ:

Impact Hub ցանց-ի մասին

Impact Hub գլոբալ ցանցը ներառում է 120-ից ավելի Impact Hub-եր 65-ից ավելի երկրներում՝ միավորելով 500,000-ից ավելի փոփոխություն ստեղծողներ: Այս համայնքը ձեռներեցների, ստեղծագործների, նորարարների և առաջնորդների կենսունակ միություն է, որը մարդկանց միավորում է մեկ ընդհանուր առաքելության շուրջ՝ ստեղծելու վերականգնվող տնտեսություն, որտեղ բիզնեսն ու շահույթը ծառայում են մարդկանց և մոլորակին:

 Ի՞նչ է շրջանաձև տնտեսությունը

«Շրջանաձև տնտեսությունը համակարգ է, որը կենտրոնացած է թափոնների վերածվող նյութերի քանակի կտրուկ նվազման և վերականգնվող բնության վրա: Շրջանաձև տնտեսության մեջ ապրանքներն ու նյութերը շրջանառության մեջ են պահվում այնպիսի գործընթացների միջոցով, ինչպիսիք են սպասարկումը, վերօգտագործումը, վերանորոգումը, վերարտադրումը, վերամշակումը և կոմպոստացումը: Դրանում կենդանի, կենսաբանական, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսները միշտ պահպանվում և օգտագործվում են իրենց բարձրագույն հասարակական արժեքով»:

Տեխնիկական և բովանդակային հարցերի դեպքում կարող եք զանգահարել 374 94 700 974

108