Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 4-ին, կայացավ ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, Աննա Բադալյանի, Ժակ Պիեռ Ֆովոյի, Բենիամին Ղալեչյանի, Մարինե Ներսեյանի, երրորդ անձեր՝ «Արարատբանկ» ԲԲԸ-ի, Կարինե Մարգարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով նախնական դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստը սկսվելուց հետո հայցվորի ներկայացուցիչ, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել։

Հայցվորը Ռուզաննա Խաչատրյանի քրոջ աղջկան՝ Աննա Բադալյանին, գործով պատասխանող է ներգրավել և գույքի բռնագանձման պահանջ ներկայացրել։ Դատախազությունը նշված անշարժ գույքերի իրական սեփականատեր է դիտարկում Սեյրան Օհանյանին։ Մինչև դատալսումների սկիզբն Աննա Բադալյանն անշարժ գույքերը օտարել է գործով որպես 3-րդ անձ ներգրավված Կարինե Մարգարյանին։ Այդ ընթացքում Գլխավոր դատախազության կողմից գույքերի վրա արգելանք էր դրվել և Կադաստրի կոմիտեում որևէ գործարք անել հնարավոր չէր։ Դատախազը ենթադրում է, որ առք ու վաճառքի մտադրությունն իրականացնելու համար Աննա Բադալյանը և Կարինե Մարգարյանն արհեստական ձևով դատական վեճ են հարուցել, որպեսզի կարողանան դատական ակտ ունենալ, որի միջոցով էլ Կարինե Մարգարյանը կկարողանար այդ անշարժ գույքերն իր անունով գրանցել։

Այս դատական նիստի ընթացքում Գևորգ Քոչարյանը հայտարարեց, որ պատրաստվում է առաջիկա շաբաթվա ընթացքում վերաքննիչ բողոք ներկայացնել՝ վերոնշյալ դատական ակտի վերաբերյալ։ Նա դատարանին խնդրեց այս հիմքով հետաձգել դատական նիստը․ «Գտնում ենք, որ այդ գործի ելքից է կախված մեր դիրքորոշումն այս գործով»։

Կարինե Մարգարյանի ներկայացուցիչը՝ Անահիտ Բեգլարյանը հայտարարեց, որ իր վստահորդը հանդիսանում է բարեխիղճ ձեռքբերող․ «Հայցվոր կողմը, չեմ կարող ասել՝ ինչ պատճառներով, փորձում է ձգձգել այս վարույթը»։

Սեյրան Օհանյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը միացավ Անահիտ Բեգլարյանի դիրքորոշմանն ու նշեց՝ պետք է անցնել ապացուցման բեռի բաշխման փուլին։

Գևորգ Քոչարյանը ևս մեկ անգամ ընդգծեց․ իրենց կարծիքով՝ տեղի է ունեցել դատարանի կողմից կիրառված հայցի նախնական ապահվման միջոցները շրջանցելու փորձ, որն առերևույթ հաջողվել է, քանի որ առաջին ատյանի դատարանը նշված գույքերի սեփականատեր է ճանաչել Կարինե Մարգարյանին։

Դատարանը, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, որոշեց նիստը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժել։ Այնուհետև Անահիտ Բեգլարյանը ներկայացրեց նշված գործի վերաբերյալ Կարինե Մարգարյանի գրավոր փաստարկները։

Գևորգ Քոչարյանը մի քանի հարց ուղղեց 3-րդ անձի ներկայացուցչին։ Նրան հետաքրքրում էր, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ Կարինե Մարգարյանին գույքը փոխանցվել է 2021թ․-ի սեպտեմբերին, կատարվել են որոշակի վճարումներ, սակայն գործարքին նոտարական վավերացում տալու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել միայն 2022թ․-ի գարնանը․ «Ո՞րն է տրամաբանությունը, որ 1,3 միլիոն դոլարի գործարքները կնքվել են հասարակ գրավոր ձևով, վճարումներ են կատարվել, սակայն որոշվել է նոտարական վավերացման գործընթաց սկսել միայն 6-7 ամիս հետո»։

Դատախազը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գումարի մեծ մասը մինչև այսօր էլ վճարված չէ և պետք է վճարվի մինչև 2029 թվականը։

Անահիտ Բեգլարյանն ասաց, որ նշված բանակցություններին չի մասնակցել և հստակ պատասխան տալ չի կարող․ «Իմ պատկերացմամբ՝ տրամաբանությունը եղել է նրանում, որ մաս-մաս են փոխանցումները կատարվել և այդ ժամանակահատվածում արդեն այն գումարը կլիներ, որի պարագայում հնարավոր կլիներ նոտարական վավերացում»։

Նշենք նաև, որ գույքերից մեկը, որը ձեռք է բերել Կարինե Մարգարյանը, գրավադրված է եղել և վերջինս պարտավորվել է մարել այդ վարկը։

Գևորգ Քոչարյանը հետաքրքրվեց՝ եթե 2021թ․-ի սեպտեմբերին ձեռք է բերվել պայմանավորվածությունը, ապա ո՞րն է տրամաբանությունը գույքերից մեկով մարումները կատարել 2022թ․-ի գարնանից, ոչ թե պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո․ «Մեր պատկերացմամբ՝ վարկի մարումները սկսվել են Կարինե Մարգարյանի կողմից կատարվել այն պահից, որ պահից որ այս մեխանիզմը, սխեման մշակվել է»։

Անահիտ Բեգլարյանը նշեց, որ ինքը չի կարող ասել, թե ինչո՞ւ է սկզբում գումարն առձեռն վճարվել, այնուհետև վարկային մարումների տեսքով․ «Կողմերի միջև է եղել, ես դրան չեմ մասնակցել»։

Դատախազին նաև հետաքրքրում էր՝ Կարինե Մարգարյանի մոտ անշարժ գույքերի համար վճարումների ստացականներ պահպանվե՞լ են, թե ոչ։ 3-րդ անձի ներկայացուցիչ Անահիտ Բեգլարյանը հայտարարեց, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նոտարական վավերացում կատարելու պահին կողմերի միջև կնքված գրավոր փաստաթղթերը ոչնչացվել են։

Գևորգ Քոչարյանը ևս մեկ անգամ հայտարարեց դատարանում, որ Կարինե Մարգարյանի և Աննա Բադալյանի միջև ծագած «վեճը» վեճ չի եղել․ «Այդ «վեճն» արհեստականորեն ստեղծվել է կիրառված արգելանքները շրջանցելու, Կարինե Մարգարյանի անվամբ գույքերը գրանցելու նպատակով՝ անկախ նրանից, թե Մարգարյանն իրական, կամ ոչ իրական ձեռքբերող է»։

Դատախազը նշեց նաև, որ հայցադիմումում պահանջի փոփոխությունը կախված է Վերաքննիչ դատարանում իրենց ներկայացրած դիմումի քննությունից, գործի ելքից։ Նա նորից միջնորդեց նիստը հետաձգել։

Այս անգամ դատավոր Կարապետ Բադալյանը բավարարեց հայցվորի միջնորդությունը, որոշեց այն հետաձգել և դատախազին հնարավորություն տալ հստակություն մտցնել պահանջում։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

  • Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ,
  • 477.473.907 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600.762.179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
808