
Գործադիրի ղեկավարը Կառավարության նիստում կրկին խոսեց խելացի անասնագոմերից, նշելով, որ իր մարզեր այցելության ընթացքում պարզ է դարձել, որ սարատեղերում մարդիկ տեղյակ չեն խելացի անասնագոմերին Կառվարության աջակցության ծրագրի մասին։
Վարչապետը ասաց, որ զեկույցներում այլ պատկեր է, թե իբր մարդկանց գնում տեղյակ են պահում․ «Սուտ է, այդպես չէ, ում համար մենք արել ենք ծրագիրը՝ այդ մարդը ընդհանրապես տեղյակ չէ, որ այդպիսի բան կա, սա ոչ մի զեկույցում գրված չէ։ Ես հիմա հանձնարարում եմ՝ Էկոնոմիկայի նախարարությունը մարզպետարանների հետ համատեղ խմբեր եք ձեւավորում և բոլոր սարատեղերում ու գյուղերում հատ-հատ մտնում ենք բոլոր նրանց տները, ովքեր զբաղվում են անասնապահությամբ»։
Փաշինյանը հավելեց, որ խելացի անասնագոմերը իրարից հեռու են, ինչի պատճառով մթերող ընկերությունների համար ինքնարժեքի խնդիր է առաջանում։ Նա իր խոսքի վերջում նշեց, որ ուզում է Կառավարության աշխատանքային խմբերին տեսնել հեռավոր սարերում աշխատելիս։