
Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, նրա կինը՝ Սիրուն Սարգսյանը, դուստրը՝ Լիանա Եղիազարյանը, ծանուցումներ են ստացել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վաչությունից և պետք է հիշյալ վարչություն ներկայանան օգոստոսի 18-ին։
Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների Azdarar.am հարթակից:
Հիշեցնենք՝ Եղիազարյանը ամբաստանյալի կարգավիճակ ունի․ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «հանդիսանալով Ապարան համայնքի ղեկավար՝ պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ այլ անձանց օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով կատարել է իրեն վստահված զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն, ինչպես նաև՝ կատարել է պաշտոնեական կեղծիքներ»։
Գործը 2020 թվականից դատարանում է, վերջին դատական նիստը հունիսին էր, որը չի կայացել ամբաստանյալի չներկայանալու պատճառով։
Կարեն Եղիազարյան համայնքը ղեկավարում է արդեն 6 տարի՝ 2017 թվականից, հայտնի է որպես «Գնթունիք»-ի Կարեն (նա «Գնթունիք» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է):