Ցավոք, այսօր մեր պրոբլեմների մի մեծ մասն առաջացել է այն ընկալումից, որ համալսարանը կամ քոլեջը մի տեղ է, որտեղ գալիս է, դիմացը երկու տուփ ծխախոտ ծխում, գնում տուն․ այդ ընկալումը մենք պետք է արմատախիլ անենք: Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ բուհերում բակալավրի կամ մագիստրոսական կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ։
«Ներկայացված նախագիծը երկու հիմնական ուղղություն է նախատեսում․ մասնավորապես՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների սահմանում, որոնց միջոցով մենք դրանք կդարձնենք ավելի խրախուսող ու խթանող և կմեծացնենք այս ոլորտում սովորողների թիվը, և առաջին փուլում այս քաղաքականության համար ընտրվել են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը։ Այս նախագծով մենք նախատեսում ենք, որ այս ուղղություններով մանկավարժության ծրագրերի ուսանողների համար կսահմանվի ամսական 70,000 դրամ կրթաթոշակ, գերազանց առաջադիմության պարագայում՝ 77,000 դրամ, որը, կարծում եմ, էական ազդեցություն կունենա ուսանողների թվի աճի վրա», - ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը։
Կառավարությունը հաստատեց նախագիծը՝ այսպիսով սահմանելով բուհերում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը:
Մանրամասները՝ տեսանյութում