Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռաստքելենյանների ընտանիքին՝ քանդակագործության ականավոր վարպետ, Մովսես Խորենացու մեդալակիր, Ֆրանսիայի Հանրապետության պատվո լեգեոնի շքանշանակիր Թորոս Ռաստքելենյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հանձին Թորոս Ռաստքելենյանի՝ հայ ժողովուրդը կորցրեց հայրենանվեր ազգային գործչի, պատկառելի և խոհեմ մտավորականի, ով իր ողջ կյանքի ընթացքում անմնացորդ ծառայել է իր ժողովրդին և հայրենիքին:

Մասնագիտական գործունեության ողջ ընթացքում Թորոս Ռաստքելենյանն իր քանդակների և ստեղծագործությունների միջոցով հետևողականորեն անդրադարձել է մեր ժողովրդի խնդիրներին:

Հայաստանում մշտապես հիացել են Թորոս Ռաստքելենյանի արվեստով և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում»,- մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի հեռագրում:

 

422