ՀՀ կառավարությունը այսօր Ազգային ժողով վավերացման է ուղարկել Հռոմի ստատուտը։ Այս մասին Araratnews.am-ին հայտնեցին կառավարության հասարակայնության և կապերի վարչությունից։

Ազգային ժողովի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը փոխանցեց, որ նախագիծը ստացել են։ Այն, սակայն, դեռ չի հրապարակվել, ըստ խոսնակի՝ կհրապարակվի մինչև օրվա ավարտը։ Նախագիծը խորհրդարանում կքննարկվի սովորական ընթացակարգով, սա նշանակում է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հռոմի ստատուտը կքննարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողովում, դրանից հետո՝ խորհրդարանի լիագումար նիստում։

Հիշեցնենք, որ Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը՝ ՌԴ ղեկավարության առնչությամբ առկա «ողորմելի օրդերի համատեքստում», այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը ամիսներ առաջ հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։

Նշենք, որ Հայաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին․ սակայն մինչև այժմ չի վավերացրել այս պայմանագիրը։ Իսկ Ռուսաստանը ստորագրել է 2000 թվականի սեպտեմբերի 13-ին և նույնպես չի վավերացրել։ Հայաստանի հարևաններից Իրանը նույնպես ստորագրել է այն և կրկին չի վավերացրել։

 

Գեղամ Ադյան

999