Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այդ մասին հայտնում են  «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:

 «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պատվիրակությունն այցելել է ԻԻՀ Քրդստան նահանգում իրականացվող ականազերծման գործողությունների տարածք՝ ծանոթացել մաքրման մեթոդներին և պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման աշխատանքներին։

Այցի ընթացքում կայացել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի և Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոնի (ԻԻՀՀԳԿ) առաջին աշխատաժողովը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԻԻՀՀԳԿ մասնագետների կողմից ՀՀ-ում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հրահանգիչների համար պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման վերապատրաստման, ինչպես նաև ԻԻՀ միջազգային մասնագիտացված ուսումնական հաստատությունում հումանիտար ականազերծման և պայթուցիկ զինամթերքի ոչնչացման դասընթացների հնարավոր կազմակերպման հարցը։

Միաժամանակ քննարկվել է ԻԻՀՀԳԿ-ի կողմից ՀՀ-ում հումանիտար ականազերծման աշխատանքներ իրականացնելու և, հնարավորության պարագայում, Իրանի հակաականային ոլորտի փորձագետներից բաղկացած պատվիրակության Հայաստան ժամանման հարցը:

Աշխատաժողովի արդյունքում կազմված արձանագրությունը երկուստեք ստորագրվել է։

588