Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին: Նաեւ որոշում կայացվեց մասնակցել «Համաշխարհային առևտրի կենտրոն «Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը:
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ երրորդ հանրապետության պատմության մեջ այդ մասշտաբի շենք դեռ չի կառուցվել. «Ինչպես նշվեց, առեւտրի համաշխարհային կենտրոնը ցանց է եւ ըստ էության բիզնես դրոշակների, ուղենիշների ցանց է ամբողջ աշխարհում»։ Փաշինյանը հավելեց, որ ծրագրի գործարկման ավարտին Կառավարությունը կունենա մոտ 20% բաժնեմաս եւ 200 մլն դոլարի ներդրում, որը էական է Հայաստանի ներդրումային միջավայրի համար։
«ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ն Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքում իրականացնելու է «Համաշխարհային առևտրային կենտրոն «Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)» քաղաքաշինական ներդրումային ծրագիրը:
Ծրագրին և շուկային վերաբերող ցուցանիշները, վարկածները վավերացնելու, ինչպես նաև ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումն իրականացնելու նպատակով ներգրավվել է անշարժ գույքի շուկայում թոփ 3 գլոբալ ընկերություններից մեկը ՝ JLL ընկերությունը:
Ծրագրով առաջարկվում է դիտարկել միջազգային բրենդով բարձրակարգ 4 հյուրանոցի կառուցումը 180 սենյակներով՝ հաշվի առնելով պահանջարկի զգալի աճը և առկա բավականին կայուն առաջարկը։ Կառուցվածքը՝ 8,370 քմ հյուրանոցի ընդհանուր մակերես (180 սենյակ)։
Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար։ Գնահատումը հիմնված է շուկայի շինարարական ոլորտի իրական ծախսերի վրա՝ բաղադրիչների որակի և նկարագրությանը համապատասխան ճշգրտումներով: Ծախսերը հիմնված են ընթացիկ շուկայական մակարդակի վրա՝ գործարկումից հետո տարեկան գնաճային ինդեքսավորմամբ։
Ըստ ներկայացված արժեքի՝ գույքի ընդհանուր գումարը կազմում է 10 949 260 000 ՀՀ դրամ, որից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը պատկանում է 6 788 000 000 ՀՀ դրամ, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ 4 161 260 000 ՀՀ դրամ։