Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին շարունակել համատեղ աշխատանքը՝ չլուծված հարցերը ուղիղ երկխոսության միջոցով լուծելու համար: Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի՝ դեպի ԼՂ լրացուցիչ երթուղիներով:

Այս մասին X-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Պետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է նաև, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ:

«Կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները, որպեսզի ապահովվի Լեռնային Ղարաբաղում տղամարդկանց, կանանց և երեխաներին խիստ անհրաժեշտ մարդասիրական բեռների առաքումը:

Մենք նաեւ կոչ ենք անում առաջնորդներին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը մեծացնում է լարվածությունը կամ շեղում է այդ նպատակից: Վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է։ Հարավային Կովկասում վերջին շրջանում լարվածության աճի լույսի ներքո Միացյալ Նահանգները շարունակելու է վճռականորեն աջակցել չլուծված հարցերը ուղիղ երկխոսության միջոցով լուծելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու նպատակով:

Մենք կրկին հայտարարում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը:

Մենք նաև խրախուսում ենք Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև երկխոսությունը: Միացյալ Նահանգները վերահաստատում է, որ առաջ գնալու միակ ճանապարհը խաղաղությունն է, երկխոսությունն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա»:

1072