
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Պատահական չէ, որ սահմանին Ադրբեջանի զինուժի հետ Հայաստանում ակտիվանում են «ազգափրկիչ» պատուհասները։ Այն կենտրոնը, որի հետ Ադրբեջանը համաձայնեցնում է իր գործողությունները, նույն կենտրոնից կառավարվում է նաև Հայաստանի «ազգափրկիչ» ընդդիմությունը։
Այս օրերին, երբ Ադրբեջանը զորք է կուտակել ՀՀ սահմանին ու ցանկացած պահի կարող է դիմել սադրանքի, նոր էսկալացիայի, «ազգափրկիչները» պահանջում են գործող իշխանության հրաժարականը՝ մեղադրելով հող հանձնելու ու դավաճանության մեջ։
Նույն ռազմահայրենասիրական կոչերով 1998 թվականին Հայաստանում եղավ պետական հեղաշրջում։ Դավաճանության ու հող հանձնելու մեջ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրելով հող «չհանձնողները» Հայաստանում զավթեցին իշխանությունը։
Բայց իշխանությունը զավթելուց հետո սկսեցին բանակցել Մեղրին փոխանակելու ու ընդհանուր պետության գաղափարի շուրջ՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ Հող «չհանձնողները» բանակցում էին թե ինչպես ու ինչքան հող հանձնեն։
Նույնն էլ հիմա է, թքած ունենալով Հայաստանի ինքնիշխանության ու պետականության վրա, պատրաստ են ամենի, որպեսզի հասնեն իշխանափոխության։ Հետո կտան ու կզիջեն այն ամենը, ինչ խոստացել էին իրենց տերերին, ժողովրդին էլ կասեն Փաշինյանն էր խոստացել, չէինք կարող չտալ։
Չեն հաջողելու, Հայաստանում իշխանությունը գտել է իր տիրոջը՝ ժողովրդին։