Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իտալիայի Հանրապետության նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով մեծանուն քաղաքական գործչի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շնորհավորել է վերջինիս ԵՊՀ-ի կողմից պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու առիթով։ Հանդիպմանը Հայոց Հովվապետը նշել է, որ հայ-իտալական բարեկամությունն ունի դարերի պատմություն և ընդգծել, որ եղբայրական հարաբերությունների խորացման գործում կարևոր դերակատարություն են ունեցել Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիները, որոնց ջերմ գործակցությունը շարունակվում է և այսօր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ շարունակ ոտնձգություններին, ինչպես և շրջափակման հետևանքում Արցախում ստեղծված հումանիտար աղետին։ Հայոց Հայրապետը, գնահատելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում միջազգային հանրության ներդրած ջանքերը, նկատել է առավել ազդու միջոցների գործադրումը՝ կանխելու արցախահայության նկատմամբ բռնաճնշումների և Արցախը հայաթափելու Ադրբեջանի քաղաքականությունը։

Իր խոսքում Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին անդրադարձել է տարածաշրջանային ընդհանուր զարգացումներին և աշխարհաքաղաքական փոփոխություններին՝ ի մասնավորի կարևոր նկատելով հակամարտության խաղաղ կարգավորման գործում միջազգային կառույցների առավել ներգրավվածությունը։

459