Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիոս Իկոնոմուի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Մանավազյանի և խմբի անդամ Լուսինե Բադալյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա հյուրերին պատմել է Հայոց ցեղասպանության որոշ դրվագների մասին, տեղեկատվություն է ներկայացրել Հուշահամալիրի, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի և նրա գործունեության մասին:

 

Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Շրջայցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Վերջում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար և պարոն Վասիլիոս Իկոնոմուին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը:

127