Այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերը հազարներով տարհանվում են Հայաստան։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այդ մարդիկ տարհանվում են, որովհետև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որի հետևանքով ոչ միայն հարյուրավոր զոհեր և վիրավորներ եղան, այլև հազարավոր խաղաղ բնակիչներ կորցրեցին իրենց տները, գյուղերն ու համայնքները:

«Այլ կերպ ասած՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով և սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո բնակչությունը 9 ամիս սովի է մատնվել։ Նրանք բռնի տեղահանվել են իրենց տներից, և նկուղներում 6 օր քնելուց, սոված և ծարավ մնալուց հետո նրանց հնարավորություն չի տրվել վերադառնալ իրենց տները, այլ՝ տարհանվել են իրենց նախնիների երկրից։

Մենք ընդունում ենք, որ ՌԴ խաղաղապահ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և մյուս բոլոր միջազգային սուբյեկտները չեն կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները՝ չնայած այն հանգամանքին, որ այդ սուբյեկտներն իրենց միջնորդական ջանքերի ընթացքում բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անձեռնմխելիությունը պետք է երաշխավորվեն միջազգային մեխանիզմների շրջանակներում, ինչը թույլ կտա նրանց ապահով ապրել իրենց նախնիների հողերում»,- գրել է Մարուքյանը։

465