ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով ԼՂ-ից աճյունների տեղափոխման հարցին, հայտնեց, որ դրանց տեղափոխման հարցը կազմակերպված եղել է մինչ այժմ եւ այսօր նույնպես շարունակվում է. 

«Մի քանի ժամ առաջ հենց Կոռնիձորով Հայաստան տեղափոխվեցին այն աճյունները, որոնք վերջին դեպքերի հետ էին կապված և համապատասխան աջակցության արդյունքում կհասցվեն մարդկանց հարազատներին հուղարկավորություն կազմակերպելու համար։ Բայց մենք այս լարված իրավիճակում հատկապես մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի կարողանանք արագ Հայաստան տեղափոխել այն մարդկանց, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ այս դեպքերի առնչությամբ եւ ոչ միայն, որովհետեւ նախորդ օրերին նույնպես հիվանդանոցներում գտնվում էին որոշակի մարդիկ, որոնց առողջական վիճակը պահանջում էր շուտափույթ տեղափոխում»։

Փոխվարչապետը հավելեց, որ մոտ մեկ ժամ առաջ հնարավոր եղավ դեպի Ստեփանակերտ ուղարկել երկու տասնյակից ավելի շտապօգնության մեքենաներ, որոնք պետք է Հայաստան տեղափոխեն այնտեղ գտնվող ծանր առողջական վիճակում գտնվող մարդկանց. «Ուղղաթիռների փոխադրումները շարունակվում են։ Մեր նպատակն է, որ շատ կարճ ժամանակում բոլոր ծանր առողջական վիճակում գտնվող մարդիկ տեղափոխվեն Հայաստան եւ իրենց հետագա կազդուրումն ու առողջապահական ծառայությունները մատուցվեն Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց նա։

508