Ինչպես հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Երևան քաղաքի կառավարումը համատեղ իրականացնելու համար և Երևանի քաղաքապետ է ընտրվել իշխող ուժի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը նշեց, որ այն «ոռնոցները»,  թե Հայաստանի կործանման ծրագիր ունեցողները հաղթել են մայրաքաղաքում՝ պարզվեց այդպես չէ․ «Լավ է այն, ինչ ստացվել է․ իսկ մնացածը՝ նորմալ պրոցես է, ընտրվել է քաղաքապետ՝ թող աշխատի, ես շնորհավորում եմ իրեն քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ պահանջով, որ Երևանը ունի բազմաթիվ խնդիրներ, և ես  առաջարկում եմ Երևանում արգելել շինարարությունները, որովհետև եթե այսպես շարունակվի՝ պետք է օդերով քայլենք։ Երևանի ճարտարապետությունը և ընդհանրապես ենթակառուցվածքները պետք է կարգի բերվեն»։

Դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, որոշումների կայացումը քաղաքապետարանում կախված է նաև Վարդան Ղուկասյանի ղեկավարած ուժից, քաղաքագետն արձագանքեց․ «Ինչպե՞ս է կախված, ընտրվել է քաղաքապետ, ստացվում է՝ կա կոնսենսուս նորմալ աշխատելու․ պարզ է, որ փորձ է արվելու խանգարել Ավինյանի աշխատանքը, բայց ձևավորվել է կոալիցիա ՔՊ-ից և «Հանրապետություն» կուսակցություննրից, թող լավ աշխատեն, ինտեգրեն մյուսներին աշխատանքի մեջ։  Թող լավ աշխատեն և միգուցե մյուս ուժերից ինչ-որ մարդիկ կհամախմբվեն կոալիցիայի շուրջ և նորմալ կաշխատեն»։

Հարցին՝ կարո՞ղ ենք պնդել, որ ընդդիմությունը հերթական անգամ ձախողվեց, քանի որ Երևանով փորձում էին իշխանություն վերցնել, Սուքիասյանը պատասխանեց․ «Նրանք չունեին եւ չունեն շանս Հայաստանում ընտրություններով իշխանության գալու, բայց հեղաշրջմամբ իշխանության գալու հնարավորությունը չի բացառվում, իհարկե շանսը փոքր է, բայց ամեն դեպքում այդ մարդկանց հույսը դա է»։

Մեր պնդմանը, որ այսպիսով իշխանության դիրքերը գուցե ամրապնդվեն արտաքին քաղաքական առումով, քաղաքագետը նշեց, որ ոչ ամրապնդվում են, ոչ էլ չեն ամրապնդվում․ «Այստեղ Երևանի քաղաքապետի հարց է լուծվում, ենթադրենք այլ ուժի ներկայացուցիչ ընտրվեր քաղաքապետ՝ նշանակում է իշխանության արտաքին քաղաքականությունը պետք է փոխվե՞ր։  Իհարկե լավ է իշխանության համար, որը վստահություն ստացավ՝ Երևանում ձեւավորելով իշխանություն, ինչը իշխանության թիկունքը նվազագույն իմաստով ամրապնդում է, բայց դա Հայաստանի արտաքին քաղաքականության վրա չի կարող ազդել, կա կառավարություն, որը վարում է արտաքին քաղաքականություն՝ անկախ նրանից, թե ով կլինի Երևանում քաղաքապետ»։

Գեղամ Ադյան

3210