Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից գերեվարված Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին Բաքվում սպանելու վերաբերյալ տարածվող տեղեկություններին։

Ըստ ՄԻՊ-ի, մի քանի անգամ խնդրագրեր և դիմումներ է ուղարկվել միջազգային կառույցներին Ադրբեջանի կողմից գերեվարված Լևոն Մնացականյանի վերաբերյալ և հետադարձ պատասխաններ է ստացվել։

«Միանգամից նշեմ, որ այդ հարցը ուղղակի իմ մանդատի շրջանակներում չի գտնվում, բայց բնականաբար, խնդրով փորձում եմ զբաղվել հնարավորությունների շրջանակներում ոչ միայն տեղեկությունների տարածման ժամանակահատվածում, այլ նաև մինչև տեղեկությունների տարածումը իմ հստակ տեսակետները՝ կոնկրետ արձանագրումներով, նաև մարդու իրավունքների խախտման հետ կապված հնարավոր արձանագրումներով, միջազգային կառույցներին ուղարկում էի և հիմա ևս ուղարկում եմ։ Բայց տեղեկությունների ի հայտ գալուց հետո անմիջապես դիմել եմ համապատասխան մարմիններին և այդ միջազգային մարդասիրական կազմակերպություններ ինձ հետադարձ կապով պատասխանել են և իրենք դա որակել են որպես խորհրդապահական»,- ասել է Մանասյանը։

ՄԻՊ-ն այլ մանրամասներ չի հայտնել՝ դա պայմանավորելով այն հանգամանքով, որ տեղեկության առաջնային աղբյուրն ինքը  չէ:

Մնացականյանի սպանության մասին լուրերը տարածել էր ազատամարտիկ, Վոլոդյա Հովհաննիսյանը՝ հայտարարելով, թե սպաների շրջանում լայն տարածում է ստացել այս տեղեկությունը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին չէր կարող մեկնաբանել այդ լուրերը:

«Ընդհանուր կարող եմ ասել, որ բոլորին, այդ թվում՝ նաև ձեր նշած անձին, մենք տեսակցել ենք Բաքվում հոկտեմբերի 20-ին։ Այդ ընթացքում բոլոր հարցերն առանձնազրույցների ժամանակ քննարկվել են անձանց հետ։ Դա մեր ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում է։ Բացի զրույցներից և պահման պայմանների վերահսկողությունից, նաև  յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Մենք շարունակ կապի մեջ ենք նաև Հայաստանում նրանց ընտանիքի անդամների հետ։ Իսկ մասնավոր դեպքերի մասով չեմ կարող մեկնաբանություն տալ»,- ասել էր նա:

909