Սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում գնդակոծության հետևանքով զոհված ռուս խաղաղապահների ընտանիքները կստանան 1 մլն ռուբլի օգնություն։

Ռուսական խաղաղության հիմնադրամի անունից այս մասին  իր «Տելեգրամ» ալիքում հայտնել է հիմնադրամի խորհրդի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 20-ին գնդակոծության էին ենթարկվել ռուս զինվորականները։

«Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին: Ողբերգությունից անցել է մեկ ամիս, բայց մենք թույլ չենք տա, որ այն մոռացվի։ Խաղաղության հիմնադրամը, իմ անձնական հսկողության ներքո, կշարունակի օգնել խաղաղապահների հարազատներին»,- գրել է նա։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ էր սկսել ԼԵռնային Ղարաբաղում։ Բաքվի գործողության ընթացքում 6 ռուս խաղաղապահ է զոհվել։

Հինգը զոհվել են, երբ ավտոմեքենան գնդակոծել են ադրբեջանցի զինվորականները, մեկը մահացել է, երբ «Կամազը» կրակի տակ է առնվել անհայտ անձանց կողմից։ Ադրբեջանը խոստացել է հետաքննել միջադեպերը։

Հոկտեմբերի սկզբին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուս խաղաղապահները փակել են ժամանակավոր դիտակետերը Լեռնային Ղարաբաղի նախկին շփման գծի երկայնքով, փակվել է նաև դիտակետ Ասկերանի շրջանում։ Ղարաբաղում խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի նոր պայմաններին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

668