
Ամբողջ երկրում թե՛ դեղորայքի, թե՛ բժշկական նշանակության ապրանքների, թե՛ աշխատավարձերի որոշակի ավելացումներ են եղել, և մենք ժամանակ առ ժամանակ վերանայում ենք մեր ծառայությունների գները: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով բժշակական կենտրոններում ծառայությունների գների բարձրացմանը:
«Մենք ունենք մեր գների հաշվարկման մեթոդաբանությունը և կարծում ենք, որ դրանք այսօր բավական արդարացի են և արտահայտում են այն ծախսերը, որոնք ներառված են տվյալ վիրահատություններն իրականացնելու և ծառայությունները մատուցելու համար»,- ասաց նա
Նախարարը նշեց, որ մշտապես պետք է աշխատեն՝ ավելացնելու թե՛ բժիշկների աշխատավարձի մասը, թե՛ նաև ծառայությունների մեջ օգտագործվող բժշկական նշանակության ապրանքների և դեղորայքի ծավալներն ու որակական չափանիշները։
«Բայց ես կարծում եմ, որ այսօր պետական պատվերի ծառայությունների գները բավական արդարացի են»,- ասաց նա: