Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մեդալակիր ունեցավ: Նրանցից մեկն արցախցի Վահագն Չալյանն էր, որ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին, գրում է armsport.am-ը:
Պարգևատրումից հետո Չալյանը լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով.
«Աշխարհի առաջնությունը տարվա կարևորագույն ու բարդ մրցաշարն է: Գոհ եմ բոլոր ելույթներիցս: Կիսաեզրափակչում կարող էի հաղթել մրցակցին, այս տարի արդեն նրան հաղթելու փորձ ունեցել եմ, բայց այս անգամ չստացվեց: Բավականին բարդ վիճակահանություն էր, բոլոր մրցակիցները դժվար էին: Այսօր բավարարվեցի բրոնզով:
Երկրպագուների աջակցությունը հիանալի էր: Մթնոլորտն աննկարագրելի էր, ու շատ էր օգնում մեզ: Սեփական հարկի տակ՝ նման աջակցությամբ, կարելի է ասել՝ արդեն մի քանի միավորով առավել ես մրցակիցներից»,- նշել է Վահագն Չալյանը: