Նոյեմբերի 14-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Շ․ Վ․-ի մոտ կարճատև տեսակցության այցելած քաղաքացիներ Ա․ Մ․-ին, Ա․ Գ․-ին, Գ․ Ս․-ին և Ա․ Վ․-ին, որի արդյունքում քաղաքացի Ա․ Մ․-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է սպիտակ ստվարաթղթով փաթեթավորված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0․72 գրամ քաշով զանգված։ Ծառայողներն անմիջապես խուզարկություն են իրականացրել նաև կալանավորված անձ Շ․ Վ․-ի խցում, որի սանհանգույցի օդատարի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս, սակայն խցում գտնվող մեկ այլ կալանավորված անձ բանավոր հայտարարել է, որ հեռախոսը պատկանում է իրեն։

Քաղաքացի Ա․ Մ․-ն ձերբակալվել է և կալանավորված անձին այցի եկած մյուս քաղաքացիների հետ տեղափոխվել Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկություն են իրականացրել տնտեսական աշխատանքներում ընդգրկված դատապարտյալի կացարանում։ Արդյունքում դատապարտյալ Վ․ Գ․-ի անկողնու միջից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել դեղնականաչավուն, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ 0․69 գրամ քաշով։

Դատապարտյալ Վ․ Գ․-ն բանավոր հայտարարել է, որ վերոնշյալ զանգվածը պատկանում է իրեն։

Հայտնաբերվածն ուղարկվել է Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։

397