ԱՄՆ Կոնգրեսի ենթահանձնաժողովում րոպեներ առաջ ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի ապագան» անունը կրող քննարկումը: Կոնգրեսի բազմաթիվ անդամներ կարևոր հարցադրումներ հնչեցրին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ շարունակելով.

«Տպավորություն է, որ ԱՄՆ նորանշանակ փոխպետքարտուղար Օ՜բրայենը ամբողջապես, ողջ ծավալով չի յուրացրել պաշտոնից բխող անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, բայց հստակ է՝ ԱՄՆ պատրաստ է անհրաժեշտ ջանքեր գործադրել տարածաշրջանի կայուն խաղաղության և զարգացման համար:

Մեզ համար լավ նորությունը այն է թերևս, որ ԱՄՆ-ը հենց Հայաստանին է տեսնում Հրվ. Կովկասում իր շահերը և քաղաքականությունը առաջ մղելու հարցում հուսալի գործընկեր, քանի որ միայն Հայաստանի հետ է կիսում շահերի, նպատակների և արժեքների ընդհանրություն:

Մեր ամենամեծ բացը շարունակում է իրեն զգացնել տալ՝ Վաշինգտոնում անհրաժեշտ է թիմային ամենօրյա, ամենօրյա, ամենժամյա աշխատանք:

Պատշաճ աշխատելու դեպքում այստեղ ամեն օր Հայաստանը կարող է ստանալ ապագային միտված ահռելի հնարավորություններ՝ անվտանգային, տնտեսական և քաղաքական:

Մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը, ԱՄՆ-ում դիվանագիտական ներկայացուցչությունը, դեսպան Մակունցը ահռելի աշխատանք են կատարում: Մյուս ճակատներում մեծ անջրպետ կա, որը պետք է լրացնել, անդուլ աշխատել այդ բացերը լրացնելու ուղղությամբ»:

626