Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ Հայաստանում գտնվող հնդիկները զբոսաշրջիկներ չեն, նրանք աշխատանքային միգրանտներ են։

Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցում։

«Կա միջազգային մեթոդաբանություն․ այն մարդիկ, որոնք աշխատանքային միգրանտներ են, զբոսաշրջիկ չեն, եթե զբոսաշրջիկներ այցելեն Հնդկաստանից, ուրախ կլինենք և այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ ՀՀ-ում գտնվող հնդիկները 30,000-ից քիչ են․ սրանք այն տվյալներն են, որոնք ցույց են տալիս, թե քանի հնդիկ է հատել Հայաստանի սահմանը։ Նրանք ընդգրկված են տարբեր ոլորտներում՝ շինարարություն, գյուղատնտեսություն, ծառայություններ։ Ըստ Քերոբյանի՝ նրանք ցածր որակավորում ունեցող մասնագետներ են և այստեղ բանվորական աշխատանքներ են կատարում։ Քերոբյանը հավելեց, որ բարձր կարգի մասնագետներ մեր երկիրը հիմնականում այցելում են Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից։

«Ասիական շուկան մեզ համար կարևոր նոր զարգացման ուղղություն է։ Մենք այդտեղ պարբերաբար մասնակցում ենք զբոսաշրջային ցուցահանդեսների։ 2025 թվականին պլանավորում ենք ՀՀ-ն Ճապոնիայի հասարակությանը ներկայացնել որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն։ Մենք դիվերսիֆիկացնում ենք զբոսաշրջային ջանքերը, որպեսզի կարողանանք զարգացնել մեր զբոսաշրջային հոսքերը տարբեր ուղղություններով։ Սա մեր ստրատեգիայի մեջ  է մտնում»,- նշեց նա։

606