Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավելին, քան մեկ ամիս է, ինչ պատերազմ է։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձինք ևս դիմումներ էին ներկայացրել՝ խափանման միջոցի փոփոխման և առաջնագիծ մեկնելու համար, սակայն նրանց դիմումների վերաբերյալ որոշում չի կայացվել, քանի որ օրենսդրական ընթացակարգը բացակայում է և կոնկրետ ռազմական դրությամբ պայմանավորված թե՛ խափանման միջոցների փոփոխության, թե՛ պատժից ազատման կարգ մենք չունենք։ Այդուհանդերձ՝ այսօր հայտնի դարձավ, որ մարտական ուղի անցած, բայց անազատության մեջ գտնվող երկու անձի խափանման միջոց փոփոխվել է՝ հենց ռազմաճակատ մեկնելու հիմքով։

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ երկու մեղադրյալներն էլ մարտական ուղի անցած անձինք էին, այս պահին ռազմաճակատում բավականին պիտանի մարդիկ էին։

Ֆանյանը հայտնեց, որ անձանցից մեկը, որի փաստաբան Մերի Ալավերդյանի պաշտպանյալն է, մեղադրվում է սպանության մեջ, իսկ մյուս անձը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ։ Վերջինիս պաշտպանը փաստաբան Սերգեյ Մանուկյանն է։

Սպանության գործով ամբաստանյալին ազատ արձակելու որոշումը կայացրել է դատավոր Դավիթ Բալայանը՝ կիրառելով գրավ, իսկ խարդախության գործով՝ դատավոր Նելլի Բաղդասարյանը՝ որպես խափանման միջոց ընտրելով ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Ֆանյանը պարզաբանեց, որ մեղադրյալները դիմում են հասցեագրել դատարանին, որոնց հիման վրա միջնորդություն է ներկայացվել՝ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ։ «Իրենք են հիմնականում դիմում։ Իրենց կամարտահայտությունը պետք է լինի, հանրային պաշտպանը չի կարող կալանավորի փոխարեն որոշել՝ ինքը ռազմաճակատ ուզում է գնալ, թե ոչ։ Իրենք պետք է դիմեն խնդրանքով, որ ազատ արձակվեն կամ դիմում հասցեագրեն, որում իրենց խնդրանքն է ձևակերպված՝ ռազմաճակատ մեկնելու և պատերազմական գործողություններին մասնակցելու։ Դրա հիման վրա հանրային պաշտպանները համապատասխան միջնորդություն են հասցեագրում դատարանին՝ խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ »,- նշել է Ֆանյանը։

Նա արձանագրեց, որ մեղադրանքներից մեկը ծանր է, մյուսը՝ առանձնապես ծանր և երկու դեպքում էլ միջնորդությունների աննախադեպ բավարարում է, քանի որ դատարանը պետք է համոզվի, որ անձն իսկապես մեկնելու է պատերազմ և այս փուլում դատարանի մոտ բավականին բարդ կլինի այդ համոզմունքը ձևավորվելը։ Փաստաբանի խոսքով՝ այս դեպքում հիմնավորվել է, որ նրանք նախկինում մարտական ուղի են անցել, այսինքն՝ պիտանի եղել են մեր պետությանը, այս պահին էլ դատարանը եկել է այն համոզման, որ նրանք մեկնելու են ռազմաճակատ։

 

29 Հոկտեմբեր, 2020 23:05
624
; ;